շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մի խումբ նվիրյալներ պարգևատրվել են «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով

Մի խումբ նվիրյալներ պարգևատրվել են «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցային համալիրի խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել «Մայրություն» հասարակական կազմակերպության 35-ամյակին և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալի ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում համանուն մեդալով են պարգևատրվել պատերազմի ընթացքում հայրենիքին անձնուրաց ծառայած մի խումբ նվիրյալներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքում «Մայրություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը պատմեց, որ կազմակերպությունը ստեղծվել է ականավոր բանաստեղծուհի, երջանկահիշատակ Մարո Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Ստեփանակերտում 1988 թվականի մայիսի 25-ին:

«Արցախյան առաջին պատերազմի տարիներին մենք զենք ենք հայթաթել բանակի համար, թև ու թիկունք եղել մեր ժողովրդին, առաջնագծում՝ զինվորին: Այնուհետև ստեղծեցինք այս մեդալը՝ ազգի արժանավոր զավակներին պարգևատրելու համար: Մեդալը և նրա ստեղծման նախապատմությունը յուրահատուկ է. 1992 թվականին 7 ամիս շարունակ Արցախում ոչ լույս կար, ոչ՝ գազ, ոչ էլ գործարաններ էին աշխատում, որպեսզի կարողանանք պատրաստել մեդալը, ինչպես նաև համապատասխան մետաղն էր պակասում: Միտք ծագեց մեդալի պատրաստման համար օգտագործել արկի բեկորները, որոնցով լի էին էին մարտադաշտերը»,-մանրամասնեց Հ. Միքայելյանը:

«Մայրություն» ՀԿ-ի համանախագահ Սիրվարդ Մարգարյանը ներկայացրեց իրենց գրեթե 35-ամյա գործունեությունը:

«Դժվար է երեք տասնամյակի պատմությունը ներկայացնել մի քանի նախադասության մեջ, պարզապես կարող ենք փաստել, որ «Մայրություն» հասարակական կազմակերպությունը Արցախյան առաջին պատերազմի օրերից հերոսների կողքին է: Ստեղծման օրվանից «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալը՝ ձուլված արկի բեկորներից, արդեն 25 տարի է տրվում է հայրենիքի համար բացառիկ ծառայություններ ունեցող անձանց»,- նշել է Ս. Մարգարյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արզիկ Մխիթարյանը կազմակերպության հետ համագործակցում է հիմնադրման պահից:

«Ես մեծ համակրանք եմ ունեցել այս նախաձեռնության նկատմամբ, որովհետև հայ մայրերը մասն են կազմել մեր գոյատևման պայքարին՝ ամբողջ ընթացքում: «Մայրություն» կազմակերպություն այս 35 տարիների ընթացքում բավականին շնորհակալ գործ է կատարել՝ արժևորելով մեր մտավորականներին, բոլոր այն զինվորներին, որ ոչինչ չխնայեցին՝ մեզ պարգևելով անկախություն»,- ասել է Ա. Մխիթարյանը:

  • Կիսվել: