չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր. Արթուր Թովմասյան

Մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր. Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է շարունակվող շրջափակմանը:

Նա մասնավորապես, նշել է. «Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է:

Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են Գորիսի հ 1 և Երևանի տարբեր դպրոցներ: Կոպտորեն խախտված են այս երեխաների տարրական իրավունքները:

Ամանորը ընտանեկան հրաշքով լի տոն է: Ցավոք, հրաշք չեղավ արցախցի այս երեխաների համար:

Մի̉թե փոքրիկ Արցախն ու կիսված ընտանիքների այս երեխաները իրենցից վտանգ են ներկայացնում հարևան Ադրբեջանի կամ Թուրքիայի համար:

Արցախի Հանրապետության խորհրդարանն իր հայտարարություններով դիմել է բոլոր մարդասիրական կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, քաղաքակիրթ աշխարհին, սակայն մեր ձայնը մինչև այսօր լսելի չէ: Արցախի ու Արցախի ժողովրդի թեման տեսականորեն շատ է շոշափվում միջազգային հարթակներում: Սակայն մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր:

Մենք հույսի ու հավատի ժողովուրդ ենք: Հուսանք՝ մեր աղոթքներն առ Աստված փրկության դուռ կբացեն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: