Մեծ Շենը բուժքրոջ կարիք ունի
Պատերազմից հետո Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի բնակիչների թիվը կրճատվել է:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիդ Դավիդյանը:
«Դպրոցը՝ 4 աշակերտներով, վերաբացվել է 2020 թվականի ապրիլի 12-ին։ Մանկապարտեզ չունենք. շենքային պայմանները բացակայում են։ Ունենք վերանորոգված երկհարկանի համայնքապետարանի շենք, որի երկրորդ հարկում գործում է մշակույթի տունը:
Ունենք ակումբ, հանդիսությունների սրահ, որոնք վթարային վիճակում են,բայց գործում են։ Բուժկետը գործում է՝ առանց բուժքրոջ։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ, բայց հուլիս-օգոստոս ամիսներին ջրի խնդիր կունենանք:
Ներհամայնքային ճանապարհները գտնվում են նորմալ վիճակում»,- տեղեկացրել է համայնքապետը: Պատերազմական գործողություններից հետո գյուղում ինը հոգանոց մեկ ընտանիք է վերաբնակեցվել: Այս պահի դրությամբ նրանց համար առանձնատուն է վերանորոգվում:
Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ Դ. Դավիդյանը նշել է, որ հիմնական ուղղություններն են անասնապահությունը, գյուղատնտեսությունը, այգեգործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումն ու մեղվաբուծությունը: