Մեր թշնամիներն են նրանք, ովքեր ՀԷԿ-երը փակելու հայտարարություն են անում․ Արայիկ Հարությունյան
Արցախի ՀԷԿ-երի զարգացման ծրագիրը կապում են իմ անվան հետ, որովհետև ՀԷԿ-երը եղել են այն ժամանակ իմ ղեկավարած կառավարության հիմնական ուղղությունը։ Մենք հիմա էլ հայտարարում ենք, որ Արցախը պետք է դառնա էներգետիկ անկախ և արդեն դարձել է, այսօր ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը,թե Արցախում ՀԷԿ-երի բիզնեսը իր անվան հետ են կապում։ Նա նկատեց, որ երբ ՀԷԿ-երը կառուցվում էին, բոլորը ուրախ էին, բայց երբ հետո տեսան, որ դրանք մեծացնում են հնարավորությունները, սկսեցին քննադատել։
«Մեր ՀԷԿ-երի առումով կարևոր մի բան կա՝ դրանք պետք է լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան։ Եթե կա խախտում, պետք է խախտումը վերացնել, եթե հնարավոր չի վերացնել այդ խախտումը, ուրեմն պետք է գործունեությունը դադարեցնել», - հայտարարեց Հարությունյանը։
Նա վստահեցրեց, որ Արցախում շարունակելու են ՀԷԿ-երի շինարարությունը և ավելին, «դարի ծրագրի» շրջանակներում Սարսանգ-Մատաղիս հատվածում նոր ջրամբարային ՀԷԿ է կառուցվում, որի համար 70-80 մլն դոլար ներդրում է իրականացվելու։ Այդ նախագծի շրջանակում որոգելի կդառնա շուրջ 9 հազար հեկտար տարածք, կբացվեն տասնյակ հազարավոր աշխատատեղեր, որոնք րեն կարող համալրվել միայն արցախցիներով: Ըստ նախագահի` կզգացվի հավելյալ աշխատուժի կարիք, որը պետք է բերվի ավելի շատ սփյուռքից քան հայաստանից:
«Մարդիկ չիմանալով՝ ինչպես են ՀԷԿ-երը աշխատում, քննարկում են։ Ղարաբաղյան գետերը հորդառատ, անկայուն գետեր են, հորդառատ ժամանակ այդ ավել ջուրը դառնում է էլեկտրաէներգիա։ Կարևորը՝ կան միջազգային ստանդարտներ, որոնց ՀԷԿ-ը պետք է հետևի։ Մեր թշնամիներն են նրանք, ովքեր ՀԷԿ-երը փակելու հայտարարություն են անում։ Հազարավոր աշխատատեղեր ենք ստեղծել մեր բնական հարստության հաշվին, Արդբեջանինը նավթն է, մերը անտառն ու ջրերը», - հավելեց Հարությունյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ կխստացվի վերահսկողությունը անտառների և հանքերի օգտագործման նկատմամբ։