Մեր պայքարի տրամաբանությունը հանգում է մեր իրավունքների խնդիրը միջազգային քննարկման առարկա դարձնելուն և վերադարձի անվտանգային մեխանիզմներ ստեղծելուն. Գրիգորյան
Արցախի Անկախության օրվա արթիվ արցախյան հիմնահարցի, արցախահայության ակնկալիքների և անելիքների մասին InfoPort.am-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ։
-Պարոն Գրիգորյան, այսօր մենք նշում ենք Արցախի Հանրապետության անկախության օրը։ Պատմական այս որոշումը կարևոր հետագիծ ունեցավ հայ ժողովրդի համար։ Կարո՞ղ եք կիսվել մեզ հետ պատմական ակնարկով:
-Գացտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսացել է պատմական Հայաստանի անբաժանելի մաս, սակայն խորհրդային կարգերի հաստատումը փոխեց աշխարհաքաղաքական խաղաքարտերը։ 1921 թ․ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն հուլիսի 5-ին կայացրեց անօրինական որոշում, համաձայն որի Լեռնային Ղարաբաղը մտավ Խորհրդային Ադրեջանի կազմ։ Լեռնային Ղարաբաղի բռնակցման որոշումը օրինական չէր քանի որ այն ընդունվել էր առանց բյուրոյի անդամների անհատական քվեարկության և պարտադրված էր «կուսակցական կարգով», բացի այդ նախորդ օրը՝ հուլիսի 4-ին նույն բյուրոն որոշում էր կայացրել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին միացնելու մասին։ Պարզ է, որ միայն տվյալ պահի քաղաքական «առուծախը» ստիպեց հաջորդ օրն իսկ ընդունել տրամագծորեն հակառակ որոշում։ Այս օրենքով ոտնահարվում էր հայության իրավունքները, ովքեր կազմում էին Լեռնային Ղարաբաղի բնակչության շուրջ 95 տոկոսը, այն ամբողջությամբ հակասում էր միջազգային իրավունքի մի շարք սկզբունքների, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքին։
Ադրբեջանը, որը իր ստեղծման իսկ օրվանից վարում է հակահայ քաղաքականություն սաստկացրեց իր քաղաքական կուրսը՝ շարունակաբար ոնտահարելով հայ բնակչության իրավունքները, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայությունը հանդես եկավ իր ոտնահարված իրավունքների վերականգնմանն ուղղված պահանջով։ 1988 թ․ փետրվարի 20-ին արցախահայերի ինքնորոշման պահանջն արտահայտող որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը։ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու մասին։ Սակայն ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն Ղարաբաղյան շարժումը որակեց որպես «ծայրահեղական» և սկսեց իրականացնել մի շարք քայլեր խոչնդոտելու համար Լեռնայի Ղարաբաղի հայության արդարացի պայքարը։ Ադրբեջանը, որ մշտապես հանդես է եկել իր արյունարբու և վայրագ քաղաքականությամբ, ընտրեց հարցի կարգավորման իրեն հարիր ուղի և «Ղարաբաղն առանց հայերի» ադրբեջանական քաղաքականության շրջանակներում հայերի դեմ Արցախում և Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ շրջաններում սկսեց իրականացնել բռնություններ, էթնիկ զտումներ ու քաղաքական ահաբեկչությունները։ Այս ամենը ազդակ հանդիսացավ ողջ հայության և մասնավորապես արցախահայության համար, ովքեր հանձն առան իրենց իրավունքների պաշտպանության գործը։
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքային խորհուրդը, գիտակցելով, որ ահնարին է դառնում Հայաստանի հետ վերամիավորումը և հաշվի առնելով Ադրբեջանի նկրտումները, որը պարզ էր արդեն իսկ 1991 թ․ օգոստոսի 30-ի Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի ընդունած անկախության հռչակագրից, համաձայն որի Ադրբեջանի Հանրապետությունը վերականգնում էր իր պետական անկախությունը այն սահմաններով ինչպիսին եղել է 1918-1920թթ․, նպատակ ունենալով շարունակել սուտ քաղաքականությունը, թե Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների 1991 թ․ սեպտեմբերի 2-ի համատեղ նստաշրջանին ընդունեց հռչակագիր՝ ԼՂԻՄ և դրան կից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն /ԼՂՀ/ հռչակելու մասին։ Անկախության հռչակագիրը նպատակ ուներ միջազգային հանրությանը հասանելի դարձնել անկախության հռչակագրում առկա այն իրավական անբեկանելի փաստը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել էր այնպիսի տարածքներում, որոնք չեն պատկանել անկախ Ադրբեջանին և վերջինս չունի այդ տարածքների հետ իրավական որևէ կապ։
1991թ․ դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, ինչի արդյունքում ձայների 99,8 տոսկոսը քվեարկեց անկախության օգտին։
-Ի՞նչ նշանակություն ունեցավ Արցախի Հանրապետության հռչակումը Արցախի և արցախահայության համար։
-Այս օրը պատմական կարևորագույն և շրջադարձային օր է Արցախի և արցախահայության համար։ Այն արտացոլում է արցախցու կամքն ու տոկունությունը, սերը հայրենի հողի հանդեպ։ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման օրը լուռ վկան է այն բանի, որ անկախ յուրաքանչյուր արհավիրքի, արցախահայի ինքնության վերացմանն ուղղված քայլերի և ահաբեկիչ գործողությունների, Արցախը և արցախահայը պայքարող և հաղթող տեսակ է, պայքարող իր իրավունքների համար, այն իրավունքների որոնք ենթակա չեն բեկման, որոնք ամրագրված են համընդհանուր և համապարտադիր իրավական նորմերով և սկզբունքներով։ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը նոր էջ բացեց պատմության մեջ, որի հեղինակը հայն էր, արցախահայը։ Արցախի Հանրապետության հռչակումը իրացումն էր արցախահայության ինքնորոշման իրավունքի։ Այն հնարավորություն տվեց պահպանել մեր ազգային և կրոնական ինքնությունը, հայկական մշակութային դարավոր ժառանգությունը։ Այն ապահովեց արցախահայի անվտանգությունը, այն Ադրբեջանի վայրագ գործողությունների համարժեք պատասխանն էր, արցախահայության միավորիչ ուժը, որը սերմանեց մեր մեջ հավատ սեփական ուժի և ապագայի նկատմամբ։ Այս վճռորոշ իրադարձությունը կարևոր էր նաև միջազգային հանրության ուշադրությունը Արցախյան հարցի վրա սևեռելու, և միջազգային օրակարգ բերելու առումով։ Արցախի Հանրապետության հռչակումը հիմնարար և հատուկ նշանակություն ունեցավ՝ շնորհելով հնարավորություն պայքարելու սեփական իրավունքների պաշտպանության համար։ Այսօր առավել քան երբևէ մենք պետք է կազմենք միասնական հզոր պայքարի ուժ, չթողնելով թշնամուն ավարտին հասցնել իր վաղեմի երազանքը և ջնջել հայի ինքնությունը մեր պապենական հողերից։
-Պարոն Գրիգորյան, դուք նշեցիք, որ անհրաժեշտ է միասնական պայքարի ուժ կազմել, ինչպես եք Դուք պատկերացնում պայքարը։
-Ադրբեջանը, հետևելով իր ռազմատենչ քաղաքականությանը, տասնամյակներ շարունակ առաջնորդվել է հայատյացությամբ և անթաքույց դաժանություն ցուցաբերել հայի հանդեպ։ Այս ամենի ապացույցն են վերջին իրողությունները՝ 2020թ․ 44-օրյա պատերազմը և 2023թ․ արցախահայերի հանդեպ իրագործած էթնիկ զտումները։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ոտնահարել է արցախահայերիս հիմնարար իրավունքները՝ որդեգրելով հայի ինքնության վերացմանն ուղղված քաղաքական ուղեծիր։ Ադրբեջանի հանցագործությունները խախտումն են միջազգային այնպիսի նորմեր և սկզբունքներ, որոնք ամրագրում են ՄԱԿ-ի Կոնվենցիան Ցեղասպանության կանխման և պատժի մասին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Ժնևի կոնվենցիաները (1949 թ.) և դրանց լրացուցիչ արձանագրությունները, Հաագայի կոնվենցիան Մշակութային արժեքների պաշտպանության մասին զինված բախումների ժամանակ (1954 թ.), ՄԱԿ-ի Կոնվենցիան բոլոր ձևերի ռասայական խտրականության վերացման մասին (1965 թ.) և մի շարք այլ կոնվենցիաներ։ Այս հիմնարար նորմերի և սկզբունքների խախտումը լուրջ հիմնավորում է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման և պատասխանատվության ենթարկման համար։ Մեր պայքարի տրամաբանությունը հանգում է միջազգային հանրությանը մեր ոտնահարված իրավունքների, ինչպես նաև ադրբեջանական հանցանքների և անօրինությունների վերաբերյալ իրազեկելուն և խնդիրը միջազգային քննարկման առարկա դարձնելուն։ Խնդրի միջազգայնացումը եթնադրում է համապատասխան և ճկուն անվտանգային մեխանիզմների ստեղծում, որոնց կիրառումը հնարավորություն կտա արցախահայությանը միջազգայնորեն երաշխավորված անվտանգությամբ և անխոցելի հիմնարար իրավունքներով վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Մեր վերադարձի իրավունքը սահմանվում է միջազգային մի շարք ակտերով և նորմերով ինչպիսիք են 1951 թ. Փախստականների մասին կոնվենցիան և դրա 1967թ. արձանագրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, Ժնևի կոնվենցիան և այլն: Մենք վճռական ենք պայքարելու մեր ազգային ինքնության, մեր մշակութային նյութական ու ոչ նյութական ժառանգության պահպանման, մեր հայրենիքում արցախահայերիս անվտանգությունն ու ապագան ապահովելու համար։ Այս պայքարը ուղղված է մեր ոտնահարված իրավունքների վերականգնմանը։ Արցախահայը չի կանգնելու այնքան ժամանակ մինչև չվերականգնվեն մեր ոտնակոխ արված իրավունքները և անարգված արդարությունը։
-Պարոն Գրիգորյան, ի՞նչ ուղերձ կհղեք ողջ հայությանը, մասնավորպես արցախահայությանը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման օրվա կապակցությամբ։
-Այսօր, չնայելով այն դժվարություններին, որ ծառացել են մեր առաջ մենք ավելի քան երբևէ, պետք է ամեն ջանք կիրառենք, որպեսզի վերականգնվեն մեր իրավունքները, ի մասնավորի, հայրենիք վերադարձի անօտարելի իրավունքը։ Մենք պետք է հիշենք, որ անկախությունը միայն քաղաքական կարգավիճակ չէ, այն հոգեվիճակ է, անկախությունը մեր մշակույթը, ինքնությունը և յուրօրինակ կենցաղը պահպանելու մնայուն կամքի խորհրդանիշն է։ Մենք պետք է միասնական գործենք և հիշեցնենք թշնամուն, որ հայի, արցախահայի քաջությունը և հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը հավերժ են և դրանք են հիմքը մեր ներկայիս պայքարի։
Թող որ հավատքը, ուժը և հաստատակամությունը մեր ուղեկիցները լինեն այս պայքարում, որպեսզի ապահովենք մեր հայրենի հողում արժանապատիվ կյանք ապրելու և ազատորեն արարելու իրավունքը: Մենք պարտավոր ենք մեր սերունդներին ժառանգել այն, ինչ սրբագործել են մեր նախնիները՝ ապրելով մեր հողում, մեր արժեքներով: