ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր գերակայությունները մնում են Արցախի անվտանգությունն և կարգավիճակը. նախարար

Մեր գերակայությունները մնում են Արցախի անվտանգությունն և կարգավիճակը. նախարար

«Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որի մեջ կան բուն կարգավորմանը առնչվող հարցեր և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որտեղ տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: Եվ բոլորը շատ մեծ նշանակություն ունեն իրենց ամբողջության և համապարփակության մեջ»,-այս մասին այսօր, Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով օրակարգից դուրս հարցերի, ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 4-ին իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Իլմար մամեդյարովի միջև սպասվող հանդիպման օրակարգին:

«Այսօրվա դրությամբ դուք գիտեք մեր դիրքորոշումները, որոնք վերաբերում են բուն կարգավորման մեջ մեր գերակայություններին: Կրկնեմ, որ դրանք մեկ նախադասությամբ առնչվում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին: Եվ, բնականաբար, մենք շարունակելու ենք փորձարկել և մշակել այն մոտեցումները, համադրումները, որտեղ մեզ անհրաժեշտ է լինելու տեսնել, որ մեր գերակա, կարևորագույն հարցերը ստանում են իրենց համապատասխան արտահայտությունը: Ինչ վերաբերում է հավասարաչափ կարևոր մյուս հարցերի շարքին, որոնք առնչվում են միջավայրին, սրանք նույնպես կարևոր հարցեր են: Գիտեք, որ մենք ունեցանք որոշ համեստ արդյունք անցած ամսվա ընթացքում և շարունակելու աշխատել այդ ուղղությամբ: Իհարկե՛, մեզ համար սա կարևոր է և հետաքրքրական»,-մանրամասնեց նախարարը: 

Մնացականյանն ասաց, որ հավասարաչափ ընդգծում է բոլոր այն մեխանիզմների, միջոցառումների կարևորությունը, որոնք ուղղված են ռիսկերի էսկալացիայի նվազեցմանը: «Վստահ եմ, որ շաբաթ օրը դուք տեսաք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որտեղ մենք ատահայտեցինք մեր դիրքորոշումը շփման գծում Արցախի ՊԲ զինծառայողի վիրավորման առնչությամբ: Բնականաբար, այդ մեխանիզմների, միջոցառումների իրականացումը, դրանք իրատեսական դարձնելը, զինադադարի ռեժիմի և անհրաժեշտ մյուս բոլոր միջոցների ամրապնդումը, որոնք նպաստում են և ապահովում էսկալացիայի ռիսկերի նվազեցում, նույնպես համարվում են չափազանց կարևոր հարց մեզ համար»: 

Արտգործնախարարը խոսեց նաև Ադրբեջանի ներքին իրադարձություններից, մասնավորապես՝ նոր խոհրդարանական ընըտրություններից, և անդրադարձավ դրանց հնարավոր ազդեցությանը բանակցային գործընթացի վրա:

Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մենք հավատարիմ ենք խաղաղ կարգավորմանը։ Մենք այս մեկուկես տարվա ընթացքում ի ցույց դրեցինք մեր կարողությունները և լրջությունը՝ խաղաղ գործընթացի մեջ ներգրավվելու և արդյունավետ աշխատելու: Մենք աշխատում ենք չորեքշաբթի օրը տեղի ունենալիք հանդիպման ուղղությամբ: Մենք գնում ենք մեր աշխատանքը կատարելու, մենք ունենք մեր գերակայությունները և աշխատելու ենք դրանց շուրջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներքին զարգացումներին, ես զերծ կմնամ որևէ մեկնաբանություններից: Մենք գնում ենք մեր աշխատանքը կատարելու: Այս պահի դրությամբ՝ երևի թե այսքանը»:

  • Կիսվել: