հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք պետք է հասնենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վերջնական իրացման. Բեգլարյան

Մենք պետք է հասնենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վերջնական իրացման. Բեգլարյան

Աշխարհի համար Արցախի բնակիչները Հայաստանի եւ Արցախի Հանրապետության քաղաքացիներ են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ճամփորդելիս օգտագործում ենք Հայաստանի անձնագրեր: Դա նորմալ երեւույթ է, դեռեւս 90-ականներից Հայաստանը այս կերպ երաշխավորել է արցախցիների ազատ տեղաշարժի իրավունքները եւ հարակից իրավունքները: Արցախի անձնագրերով մենք չէինք կարող դուրս գալ Հայաստանի տարածքից:

Աշխարհը դեռ չի ճանաչել մեր անկախությունը, բայց ընդունել է մեր գոյության, պետական մարմինների, տարածքի եւ բնակչության փաստը: Այսինքն, մենք համապատասխանում ենք պետության բոլոր չափորոշիչներին: Այսպես թե այնպես, մենք աշխարհի կողմից ընկալվում ենք որպես Արցախի քաղաքացիներ՛՛:

Բեգլարյանն անդրադարձավ նաեւ Արցախի կարգավիճակի հարցին՝ նշելով, որ պետք է ջանքերը բազմապատկվեն՝ միջազգային ճանաչման հասնելու նպատակով:  

՛՛Իհարկե, քաղաքական բանակցություններում Արցախի կարգավիճակի հարցը գլխավորներից մեկը պետք է լինի, քանի որ մեզ համար նախընտրելի կարգավիճակը լրացուցիչ անվտանգության երաշխիքներ է ստեղծելու և ավելի կայուն ապագա է ապահովելու:

Այս կարգավիճակում, եթե արտաքին քաղաքական սկզբունքների մասին խոսենք, ապա մեր ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի, առավել ևս, որ բանակցություններում, երբ Մադրիդյան սկզբունքները տարբեր փուլերով զարգացան, երեք հիմնական սզբունք էր առանձնացվում՝ ժողովուրդների ինքորոշման իրավունքը, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության սկզբունքը:

Այս սկզբունքներից երկրորդը և երրորդը ժամանակավրեպ են, քանի որ Ադրբեջանը միջազգային դիտանկյունից արդեն տարածքային ամբողջականության խնդիր չունի և ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման խնդիրը չկա, քանի որ Ադրբեջանը բացահայտորեն արհամարհել է այս սկզբունքը:

Մնացել է մի սկզբունք. դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքն է, հետևաբար, սա էլ պետք է իրացվի, և ԱՀ և ՀՀ պատկան մարմինների կողմից այս հարցը պետք է տարբեր հարթակներում բարձրացվի, և մենք պետք է հասնենք այս սկզբունքի վերջնական իրացման՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: