չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մենք պարզապես պարտավոր ենք շարունակել մեր նախնիների ու պատերազմում ընկած քաջորդիների գործը. ԱՀ նախագահ

Մենք պարզապես պարտավոր ենք շարունակել մեր նախնիների ու պատերազմում ընկած քաջորդիների գործը. ԱՀ նախագահ

Ամանորյա գիշերը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անց է կացվել սգո քայլերթ անհետ կորած զինվորների ծնողների, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀԱԵ Արցախյան թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի մասնակցությամբ:

Քայլերթի մասնակիցների ձեռքերում մոմեր և անհետ կորածների նկարներ էին, նրանք Ատեփանակերտի Վերածնունդի հրապարակից շարժվեցին դեպի Արցախի Մայր տաճար, որտեղ Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցվեց պատարագ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս առնչությամբ գրառում է արել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի ՛ հայրենակիցներ

Հին տարին ճանապարհեցինք անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով և դիմավորեցինք նոր տարին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագով՝ ի հիշատակ մեր նահատակված հայրենակիցների:

2020 թվականը ծանրագույն կորուստների ու մարտահրավերների տարի էր հայ ազգի համար: Մենք կորցրեցինք հազարավոր անգին կյանքեր, որոնց հիշատակը հարգելու լավագույն ձևը նրանց առաքելությունն ու երազանքները շարունակելն է: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակել մեր նախնիների ու պատերազմում ընկած քաջորդիների գործը. թեև ծանր պայմաններում, սակայն միասնական, խելացի ու համբերատար պայքարը, համոզված եմ, կտա իր պտուղները պատմության երթում:

Ուստի, թո՛ղ 2021 թվականը հեռու պահի Հայոց հայրենիքը նոր արհավիրքներից, թո՛ղ այն դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի, թո՛ղ բոլորիդ օջախները լինեն խաղաղ և կյանքով լեցուն՝ միշտ մեր սրտերում վառ պահելով հայոց սուրբ նահատակների հիշատակը և նրանց հանդեպ մեր պարտավորությունները:

Խաղաղություն, վճռականություն ու ոգու տոկունություն եմ մաղթում յուրաքանչյուրիդ:

Փա՛ռք ընկած նահատակներին, փա՛ռք մեր անվտանգությունը երաշխավորող բոլոր մարտիկներին»:

  • Կիսվել: