երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մենք չենք խնդրում, պահանջում ենք իրականացնել ձեր պարտականությունները. Արտակ Բեգլարյանը՝ միջազգային հանրությանը

Մենք չենք խնդրում, պահանջում ենք իրականացնել ձեր պարտականությունները. Արտակ Բեգլարյանը՝ միջազգային հանրությանը

Մեր պահանջը միջազգային հանրությունից՝ հանձինս ՄԱԿ-ի եւ նրա Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների, այն է, որ իրենք իրենց պարտականությունները կատարեն: Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: Հիշեցնենք, որ նա նախօրեին անժամկետ նստացույց է հայտարարել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:

Բեգլարյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք խնդրանք չունենք իրենցից, մենք իրենց ոտքերը չենք ընկնում, մենք պահանջում ենք, որ որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, որպես մարդկային քաղաքակրթության եւ հատկապես եվրոպական քաղաքակրթության մեջ մեծ ներդրում ունեցող ազգի մի մաս, մենք պահանջում ենք մեր բաժին արդարությունը, մեր բաժին ուշադրությունը, մեր բաժին պաշտպանությունը, որը ոչ միայն բարոյական հարց է, այլեւ միջազգային իրավական պարտավորություն է:

Մեր պահանջը ՄԱԿ-ից՝ պետք է դադարեն խոսելուց, եւ պետք է գործեն: Պետք է հստակ գնահատականներ տրվեն Ադրբեջանի գործողություններին ոչ թե քաղաքական, այլ իրավական բառապաշարով, որովհետեւ սա ցեղասպանական գործողություն է, սա ահաբեկչություն է: Պետք է Ալիեւին հանցագործ ռեժիմ հայտարարել՛՛:

Նա հավելեց, որ  իրենք պահանջում են, որ ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակի եւ առաքելությունների ներկայացվածություն ապահովեն Արցախում, եւ ՄԱԿ-ի ԱԽ ընթացակարգերով քննարկել եւ լուծել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման կայուն միջազգային երաշխիքներ: ՛՛Իրենք կարող են որոշել մեխանիզմը, կարող են որոշել խաղաղապահ առաքելությունների կազմը, մանդատը: Երբ ժամանակը գա, Արցախը իր պաշտոնական կարծիքը կհայտնի: Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը պետք է տեր կանգնի Արցախի ժողովրդին՛՛,-ասաց նա եւ հավելեց, որ պահանջում են նաեւ Արցախի ինքնորոշման ճանաչում՝ ՛՛ճանաչում հանուն փրկության՛՛ սկզբունքով:

Արտակ Բեգլարյանը պահանջեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, զուգահեռաբար նաև ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը դուրս գա և հակիրճ ներկայացնի վերջին 3-4 օրվա ընթացքում կատարած աշխատանքները: ՛՛Նա պետք է դուրս գա մեր առջև, մեզանից վախենալու ոչինչ չկա, ոչ ոքի չենք կծում։ Երեկվանից մի խումբ արցախցիներով ու ՀՀ քաղաքացիներով նստացույց ենք անում, թող գա և հակիրճ ասի, թե ինչ են արել այս մի քանի օրը՛՛,– ասաց նա։

ԱՀ նախկին պետնախարարը ներկայացրեց Արցախում առկա իրավիճակը` երկրում վերջանում է մանկական կաթի փոշին, բազմաթիվ երեխաներ զրկված են դպրոց գնալու հնարավորությունից, արդեն դեղորայքի խնդիր կա, դադարեցված է գազամատակարարումը։

Այդ պահին ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ ՛՛Պահանջում ենք՛՛, սակայն ոչ ոք նրանց մոտ այդպես էլ դուրս չեկավ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրնների դեսպանությունների մոտ: Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան անգլերենով պաստառներ. ՛՛Դադարեցնեք Ադրբեջանի ագրեսիան՛՛, ՛՛Պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները՛՛, ՛՛Արցախը ձեր կարիքն ունի, խոսեք հիմա՛՛, ՛՛Ճանաչեք Արցախը՛՛:

  • Կիսվել: