հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեկնարկում է նոր ծրագիր. Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ջերմատներ կկառուցվեն

Մեկնարկում է նոր ծրագիր. Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ջերմատներ կկառուցվեն

ATP բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ` Green Training Center աջակցության ծրագրի շրջանակում ԱՀ Մարտունու շրջանի տարբեր համայնքներում կկառուցվեն ջերմատներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը։

«Ընդհանուր առմամբ` Արցախում կկառուցվի 50 ջերմատուն, որից 25-ը Մարտունու շրջանի Հերհեր, Կարմիր շուկա, Թաղավարդ համայնքներում: Հայտարարվել է մրցույթ կառուցապատողի(ների) ընտրության համար. արդյունքները կամփոփվեն մինչև այս շաբաթվա վերջ: Ծրագրի շահառուները զոհված ազատամարտիկների, անհայտ կորածների և տեղահանված ընտանիքներն են, ովքեր ունեն համապատասխան տարածք և նման գործունեությամբ զբաղվելու ցանկություն»,-նշեց Մ. Զարգարյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ ATP կազմակերպության ներկայացուցչի հետ այցելել են այդ ընտանիքներ և կատարել ցուցակագրում:
Մ. Զարգարյանի խոսքով՝ շեշտը հիմնականում կդրվի բարձրարժեք մշակաբույսերի մշակության վրա, բայց կաճեցվեն տվյալ ընտանիքների և տեղական շուկայի կարիքների համար անհրաժեշտ մշակաբույսեր ևս:

Green Training Center ՍՊԸ-ի հովանու ներքո կիրականացվի շահառուների ուսուցում, այդ թվում` ՀՀ-ում գործող ընկերության՝ «Կանաչ կենտրոն»-ում, ինչպես նաև կլինեն գյուղատնտես մասնագետներ, ովքեր տեղում կաջակցեն շահառուներին:

«Ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ շահառուները կդառնան «Կանաչ» թիմի անդամ և կստանան շարունակական աջակցություն»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: