ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել են աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում գտնվող ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնական հանդիպումները

Մեկնարկել են աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում գտնվող ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնական հանդիպումները

Աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է գտնվում ԱՀ նախագահի` սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։

Նա նախօրեին հանդիպել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի հայ համայնքի հետ։ «Արցախպրես»-ի հետ զրույցում Ա. Սիմոնյանը տեղեկացրեց, որ Բրազիլիայում է Թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի և Թեմական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջեկյանի հրավերով:

«Այցիս մեկնարկը տրվեց Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդարանում` Թեմի առաջնորդ հոր՝ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի և թեմական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջեկյանի հետ ունեցած առանձնազրույցով: Այնուհետև Սրբազան հոր ուղեկցությամբ այցելեցի հայ ազգային Դուրյան վարժարան, որը գործում է շուրջ 96 տարի` հանդիսանալով համայնքի միակ գործող հայկական դպրոցը: Դպրոց է հաճախում 40 հայ երեխա, և 60 օտարազգի, որոնք, սակայն, ինչպես հայ աշակերտները, սովորում են հայոց լեզու և պատմություն, հայ երգ ու երաժշտություն:

Երեխաների հետ միասին պարզեցինք Արցախից բերված դրոշը ու միասին երգեցինք «Կիլիկիա» երգը։ Մեզ հետ երգում էին կրթօջախի անգամ այլազգի սաները։

Այնուհետև առաջնոդարանում տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքում գործող բոլոր կառույցների ղեկավար կազմերի հետ, որտեղ ներկայացրեցի մի շարք մանրամասներ Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ»,-նշեց մեր զրուցակիցը` մանրամասնելով, որ այս հանդիպմանը հաջորդեց հայ համայնքի հետ նախատեսված ժողովրդային հանդիպումը, որը տևեց ավելի քան 4 ժամ: Ա. Սիմոնյանն այդ ընթացքում ներկայացրեց հետպտերազմյա Արցախի առօրյան ու առկա վիճակը, ծավալվեց քննարկում: «Հույզերով լի հանդիպում էր, որի վերջում ԱՀ Նախագահի ողջույնի և երախտիքի պաշտոնական նամակները փոխանցեցի` ուղղված Առաջնորդ սրբազան հորը և Անդրե Կիսաջեկյանին և, ի դեմս նրանց, ողջ բրազիլահայ համայնքին»,- իրազեկեց ԱՀ նախագահի խորհրդականը:

Նա մանրամասնեց` հաջորդիվ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի և Անդրե Կիսաջեկյանի ուղեկցությամբ կայացավ այց ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակ, որտեղ քննարկվեցին մինչ օրս ՀԲԸՄ-ի կողմից Արցախում կատարված աշխատանքները ու դրանց արդյունավետությունը, վարչության նախագահ Հայկ Աբովյանին և վարչության անդամ Մոնիկա Նալբանդյանին ներկայացվեցին մի շարք նոր ծրագրերի գաղափարներ:

Ա. Սիմոնյանը եղավ նաեւ Սան Պաուլոյի հայկական ակումբում, որը տեղի հայության համար յուրահատուկ հավաքատեղի է հանդիսանում։

  • Կիսվել: