«Մեղվագործության խմբակներ Արցախի գյուղերի դպրոցներում». ծրագրի առաջին շահառուները մանրամասներ են ներկայացնում
«Երազանք» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել «Մեղվագործության խմբակներ Արցախի գյուղերի դպրոցներում» ծրագրին, որի առաջին շահառուներն են Բերդաշեն, Մաղավուզ և Ծմակահող գյուղերի բնակիչները։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մեղվագործության խմբակներ Արցախի գյուղերի դպրոցներում» ծրագրի Ծմակահող գյուղի համակարգող Արթուր Կիրակոսյանը:
«Ծրագիրը մեկնարկել է մայիս ամսին, որտեղ ընդգրկված են Ծմակահող, Մաղավուզ և Բերդաշեն համայնքները: Ծրագիրը միտված է Արցախի գյուղերում ապրող դպրոցականների մոտ սեր առաջացնելու դեպի մեղվագործություն և զարկ տալու գյուղատնտեսությանը: Ծրագրի առաջին շահառուն Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղն է: Գյուղից մասնակցում է 12-15 տարեկան 6 աշակերտ»,- նշել է Ա. Կիրակոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ օգոստոս ամսին արդեն տեղի կունենա առաջին բերքահավաքը, և երեխաները մեղրը կտանեն իրենց տուն: Իսկ սեպտեմբերից կմեկնարկի մեղվաբուծության մասին տեսական գիտելիքների խմբակ: