հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Մաթեմիկն Արցախում» ծրագրի նոր փուլի մեկնարկը տրված է. ընդունվում են հայտեր

«Մաթեմիկն Արցախում» ծրագրի նոր փուլի մեկնարկը տրված է. ընդունվում են հայտեր

«Մաթեմիկ» կրթական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Մաթեմիկն Արցախում» ծրագրի նոր փուլը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մաթեմիկն Արցախում» նախագծի հեղինակ Տիգրան Առուշանյանը:

Ծրագրին կարող են դիմել 5-12-րդ դասարանների բոլոր այն աշակերտները, որոնք հետաքրքրված են նախագծով և պատրաստ են պատասխանատվության բարձր մակարդակով մասնակցել կամավոր-ուսուցիչների կողմից իրականացվող առցանց դասերին:

«Ծրագրի առաջին փուլը հաջող է ընթանում: Մասնակցում են 110 երեխա և 26 ուսուցիչ: Մեծամասամբ երեխաների մոտ ունենք մոտ 30 տոկոս ակադեմիական աճ, մոտիվացիան անգամներով բազմապատկվել է, երեխաները սկսել են ավելի շատ հավատալ իրենց ուժերին, մեծ սեր և կապվածություն է առաջացել կամավոր ուսուցիչների և երեխաների միջև:

Ունենք բազմաթիվ նամակներ՝ ծնողներից, երեխաներից, տնօրեններից, կամավոր ուսուցիչներից, որտեղ շնորհակալություն են հայտնում ծրագրի իրականացման համար: Վերջերս Արցախի կրթության նախարարությունը շնորհակալագրեր հանձնեց կամավոր ուսուցիչներին երեխաների հետ կամավոր աշխատելու համար:

«Մաթեմիկն Արցախում» ծրագրի 2-րդ փուլը կփորձենք ավելի բարեփոխված տարբերակով անել և ավելի չափելի դարձնել մեր արդյունքները։ Մինչև հիմա 22 համակարգիչ ենք կարողացել տալ երեխաներին, բայց դեռ ունենք համակարգիչների, ֆինանսական աջակցության կարիք, որ կարողանանք հոգալ լոգիստիկ հարցերը», - նշել է Տ. Առուշանյանը և հավելել, որ մտադրություն ունեն գյուղերում բացել Մաթեմիկի խմբակներ, որտեղ կլինի համեմատաբար ավելի ուժեղ կապ և այս մասով փորձում են համագործակցել «ԵՍ» կրթական հիմնադրամի և Ջենեսիս Արմենիայի հետ։

  • Կիսվել: