հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մարտունու շրջանի Հացի համայնքում հացի փառատոն է կազմակերպվել

Մարտունու շրջանի Հացի համայնքում հացի փառատոն է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 17-ին, ԱՀ Մարտունու շրջանի Հացի համայնքում շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի կողմից կազմակերպվել է «Էլի ցորենն է աշխարհի հիմքը» խորագրով հացի փառատոն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնը սկսվել է Արցախի այայի ողջյունի խոսքով:

Արցախյան բարբառով ջերմ բարեմաղթանքներից հետո նա հյուրերին պատմել է հացեցիներիների հյուրընկալության և Հացի գյուղի պատմության մասին:

«Մեր գյուղը շատ հյուրասեր բնակչություն ունի, մեր ուզածը միայն խաղաղություն է , եթե խաղաղություն լինի, մենք քարից էլ հաց կքամենք և կապրենք: Մեր գյուղացիների հյուրասեր լինելու համար էլ գյուղն անվանել են Հացի, բայց ես մեր հյուրերին ուզում եմ նաև ծանոթացնել հացի արարման կարգին»,- նշել է այան, հյուրերին հրավիրել թոնրատուն, որտեղ հաց էին թխում գյուղի հարսերը:

Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանի խոսքով՝ պատերազմից հետո այսպիսի մեծ միջոցառում գյուղում չէր կազմակերպվել:

«Փառատոնի տեղը պատահական չի ընտրվել: Մեր գյուղի անունը կապվում է հենց հացի հետ և խորհրդանշում է մեր համայնքի բնակիչների հյուրասիրությունը և բոլոր ժամանակներում հացի առատությունը: Միջոցառման նպատակը համայնքների համագործակցության և կապի վերականգնումն է»,- նշել է Ս. Սարգսյանը:

Կազմակերպիչներից Անի Խաչատրյանն ընդգծում է, որ միջոցառմանը մասնակցել են Հացի համայնքի և հարակից գյուղերի բնակիչները:

«Հենց այնպես չի ընտրված փառատոնի խորագիրը. աշխարհ պահողը և կերակրողը ցորեն հացն է, որը մշակի աշխատանքի արդյունքն է: Միջոցառման նպատակը միջհամայնքային կապերի ամրապնդումն ու մշակութային կյանքի աշխուժացումն է, ինչպես նաև ցույց տալը, որ Արցախն ապրում է, կա և լինելու է՝ իր ավանդույթներով և ծեսերով»,- ասել է Ա. Խաչատրյանը:

Փառատոնը շարունակվեց «Տկողնուտի տակ» կոչվող վայրում: Հյուրերից Ալինա Հակոբյանը մեծ կարևորություն է տալիս այսպիսի միջոցառումներին և նշում, որ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն:

«Տպավորություններս շատ մեծ են: ՈՒրախ եմ, որ արցախցին շարունակում է ապրել, ուրախանալ, շենացնել: Մեր համայնքներում պետք է լինեն այսպիսի միջոցառումներ, որպեսզի մարդիկ պատերազմից հետո չընկճվեն: Մենք չենք մոռանալու պատերազմը, չենք մոռանալու մեր նահատակներին, բայց, այդուհանդերձ, պետք է նաև առաջ նայել ու չկանգնել մի կետում»,-ասել է մեր զրուցակիցը:

Հացի փառատոնի ընթացքում Մարտունու շրջանի մի շարք համայնքների երեխաներ ներկայացել են հայրենասիրական երգերի կատարմամբ, ազգային պարերով և ասմունքով:

 

  • Կիսվել: