երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարտունեցիները նոր սրբատեղի ունեն. զոհված հրետանավորների հիշատակին շրջկենտրոնի մատույցներում խաչքար է կանգնեցվել

Մարտունեցիները նոր սրբատեղի ունեն. զոհված հրետանավորների հիշատակին շրջկենտրոնի մատույցներում խաչքար է կանգնեցվել

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Մարտունու մատույցներում տեղի է ունեցել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ զոհված յոթ հերոս հրետանավորների հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 31-ին հենց այստեղ` լեռների գրկում, անօդաչուի հարվածից զոհվեցին Նիկոլայ Նիկողոսյանը, Գրիշա Գասպարյանը, Վազգեն Աբրահամյանը, Միքայել Արզումանյանը, Արտակ Իշխանյանը, Ապավեն Բարսեղյանը և Արսեն Դադամյանը:

Բացումը կատարել է Միքայել Արզումանյանի հայրը՝ Վահրամ Արզումանյանը, ով խաչքարի կառուցման գաղափարի հեղինակն է։

Այնուհետև օրհնության խոսքով հանդես է եկել Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

«Այսօր այս վայրը մեզ համար դարձավ սրբատեղի։ Այս խաչքարի լռության մեջ կա մի մեծ աղաղակ, մի բողոքի ձայն, որ աշխարհին է դիմում` ասելով` մենք արդարության համար պայքարող, Քրիստոսի ճանապարհով ընթացող ազգ ենք», - ասաց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մհեր Սարգսյանի խոսքով՝ այսօր թախծոտ, բայց, միևնույն ժամանակ, արժանահիշատակ օր է։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր հայրենիքի նվիրյալ զավակները արժանապատվորեն և հերոսաբար կանգնեցին և կռվեցին քոչվոր, թշվառ թուրք ոսոխի դեմ, մինչև վերջ պայքար մղեցին հայրենիքի պաշտպանության, երկրի և ժողովրդի անվտանգության համար:

Սերելով Հայկ նահապետից` մերօրյա հերոսները դարձան Եղիշեի «մահ չիմացյալ՝ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» թևավոր խոսքերի դրոշակակիրները», - նշեց Մ. Սարգսյանը:

Ելույթով հանդես եկավ նաև զոհված հերոսամարտիկ Արսեն Դադամյանի քույրը` Ալյոնա Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հորեղբայրս երեք որդի ուներ, երեքն էլ զոհվեցին Արցախյան առաջին պատերազմում:

Մեր ընտանիքում նրա հայրենասեր կերպարը միշտ օրինակ էր։

Եղբայրս էլ այդ գործի շարունակողը դարձավ։ Միշտ հիացնում էր բոլոր ոլորտներում՝ կրթության մեջ, աշխատանքում... պատերազմի ժամանակ էլ Արսենն անում էր ամեն ինչ հայրենիքի պաշտապանության և զինվորների կյանքը փրկելու համար», - նշեց Ա. Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

2020թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար զոհված յոթ հերոսները Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: