շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը

Մասնագիտական օրը Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնը կնշի նոր բեմադրության առաջնախաղով և թատրոնի 90 -ամյակին  նվիրված գրքի շնորհանդեսով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  տեղեկացրեց Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը՝ օրվա առթիվ շնորհավորելով թատերարվեստի նվիրյալներին:

Нет описания.

«Շնորհավորում եմ  թատերարվեստի բոլոր գործիչներին և մաղթում  ստեղծագործական նորանոր հաջողություններ, լեփ-լեցուն դահլիճներ: Ամեն տարի այս օրը Արցախի մայր թատրոնն առաջնախաղով է հանդես գալիս. այս տարի էլ բացառություն չի լինի։ Չնայած շրջափակման պայմաններին՝ թատրոնը այսօր «Բակում կատաղած շուն կա» բեմադրության առաջնախաղով է հանդես գալու: Ընդառաջել ենք կատակերգություն բեմադրելու թատերասերների խնդրանքին: Նախատեսվում է նաև  թատրոնի 90-ամյակին նվիրված գրքի շնորհանդես»,-մանրամասնեց տնօրենը:
 
Անդրադառնալով  թատրոնի ձեռքբերումներին ու խնդիրներին, Ա. Հարությունյանը նշեց, որ դերասանների համալրման խնդիր չունեն, ավելին՝  հետպատերազմյան շրջանում այդ առումով նույնիսկ  առաջընթաց է արձանագրվել:
 
«Ունենք երիտասարդ, շնորհալի դերասաններ։ Մասնավորապես՝  խնդիր կա  ավագ և միջին սերնդի դերասանների համալրման առումով, իսկ դերասան դառնալ ցանկացող երիտասարդները բավականին շատ են։ Ունենք երիտասարդներ, ովքեր չնայած իրենց տարիքին, բավականին լուրջ դերեր են կերտել։ Նախկինում դերասան դառնալու համար դիմում էին հիմնականում  տղաներ, բայց սակայն ներկայում կանայք գերակշռում են։ Մեր  գրեթե բոլոր դերասաններն ունեն մասնագիտական կրթություն, իսկ նրանք, ովքեր չունեն  իրենց խաղով չեն զիջում մնացածներին»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով՝ հասարակության մեծ մասը թատրոնը դիտարկում է որպես զվարճության վայր, մինչդեռ այն բարձր արվեստի հետ առնչվելու և հանգստի հնարավորություն է, քանի որ թատրոնում մարդ  մի պահ կտրվում է առօրյա հոգսերից, մուտք գործում այդ աշխարհ, կենդանի շփում ես ունենում դերասանների հետ:

«Թատրոնն արցախյան մշակութային կարևոր օջախներից է, սակայն  ամենացածր աշխատավարձը թատրոնում են ստանում, որից ցածր  ոչ մի օղակում չկա»,-խնդիրների շարքից  առանձնացնելով, հավելել է Արմեն Հարությունյանը:

  • Կիսվել: