երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ ավտոճանապարհի շինաշխատանքներն ընթացքի մեջ են

Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ ավտոճանապարհի շինաշխատանքներն ընթացքի մեջ են

Մարտակերտի շրջանում շարունակվում են Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ 27 կիլոմետրանոց նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ներկա դրությամբ կատարվել է ճանապարհի մոտ 4 կմ երկարությամբ մասի ասֆալտապատում՝ Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ հատվածում, իսկ 15 կմ-ի վրա իրականացվել են հողային աշխատանքներ, մնացած 8 կմ հատվածում աշխատանքները դեռ շարունակվում են։ Ներպետական տրանսպորտային հաղորդակցության առումով նոր ավտոճանապարհը կարևոր նշանակություն կունենա՝ կրճատելով Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհը շուրջ 24 կիլոմետրով և հնարավորություն տալով շրջանցել մայրուղու Ներքին Հոռաթաղ-Դրմբոն-Չլդրան հատվածը»,-նշել է Մ. Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոճանապարհի երկարությունը կլինի 73 կիլոմետր՝ ներկայիս 97 կմ-ի փոխարեն։ Մեր զրուցակիցը նշեց՝ ճանապարհի կառուցումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները կատարում են «Քարավան» ՍՊԸ, «Վերածնունդ» ՍՊԸ և «Ճանշին» ՓԲԸ կազմակերպությունները։

  • Կիսվել: