Մարդու իրավունքների երիտասարդական ճամբարը համախմբել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի 60 երիտասարդի
Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության կազմակերպած ճամբարները համախմբեցին Հայաստանի մարզերում և Երևանում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի 60 երիտասարդների։
Ճամբարի նպատակն էր նպաստել տեղացի և ԼՂ-ից տեղահանված երիտասարդների ինքնակազմակերպմանն ու նախաձեռնողականությանը, զարգացնել նրանց կարողությունները մարդու իրավունքների, հատկապես՝ փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում, և խթանել երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում՝ որպես նախաձեռնողներ և փոփոխության դերակատարներ։ Մարդու իրավունքների և առաջնորդության թեմայով ճամբարներն անցկացվել են երկու հերթափոխով` ս․թ․ հուլիսին, Կոտայքի մարզում։
Հուլիսի 31-ին Աղվերանում տեղի ունեցավ ճամբարի փակման միջոցառումը, որին մասնակցեց ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպանը երիտասարդների հետ զրուցեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության, հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, պատասխանեց նրանց հարցերին։
«Երիտասարդներին աջակցելը, հատկապես նրանց, որոնք տեղահանություն են վերապրել, ներդրում է ավելի ներառական և դիմակայուն հասարակության մեջ։ Նրանց ձայնը պետք է լսելի լինի, և նրանց վճռականությունն արժանի է ստանալու համարժեք աջակցություն։ Մարդու իրավունքների մասին կրթությունը կարևոր է երիտասարդներին հզորացնելու համար, որպեսզի նրանք դառնան ակտիվ, իրազեկված քաղաքացիներ, որոնք կարող են խթանել դրական փոփոխությունները։ ԵՄ-ն կշարունակի աջակցել հայ երիտասարդներին՝ որպես գործընկեր արժանապատվության, իրավունքների և մասնակցության վրա հիմնված ապագայի ձևավորման գործում»,- ասաց ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։
Երիտասարդական ճամբարին մասնակցելով՝ 60 երիտասարդ հնարավորություն ունեցավ ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, զարգացնելու առաջնորդության, թիմային աշխատանքի, ծրագրերի կառավարման և համայնքային կյանքին ակտիվ մասնակցության հմտությունները։
«Չիմացությունն ու չհասկացվածությունը, ինտեգրման դժվարությունները հանգեցնում են վախի, տագնապի և զայրույթի։ Մեր ծրագրի և այս ճամբարի նպատակը փախստական երիտասարդներին գիտելիք և բանավեճի հմտություններ փոխանցելն է, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն, գրագետ և վստահորեն բարձրաձայնել իրենց խնդիրները և գտնել դրանց լուծումները», - նշեց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։
Մի քանի օր տևողությամբ ճամբարի ընթացքում կազմակերպվել են աշխատարաններ, դասախոսություններ, գործնական վարժություններ և թիմային խաղեր՝ մարդու իրավունքների, առաջնորդության, ժողովրդավարական մասնակցության, մեդիա-գործիքների կիրառման և քաղաքացիական ներգրավվածության թեմաներով։ Մասնակիցները հանդիպել են քաղաքացիական ակտիվիստների, իրավապաշտպանների և ոլորտային մասնագետների հետ:
«Հույս ունենք, որ մեզ հաջողվեց ճամբարի ընթացքում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ թե՛ տեղահանված, թե՛ տեղացի երիտասարդները կարողացան համախմբվել, ձեռք բերել նոր հմտություններ և մշակել նախաձեռնություններ, որոնք միտված են իրենց իրավունքների պաշտպանությանն ու համայնքային խնդիրների լուծմանը։ Վստահ ենք, որ ճամբարում ձևավորված գաղափարները, մասնակիցների մոտիվացիան և ստեղծված կապերը կդառնան ամուր հիմք նրանց ակտիվացման և շարունակական համագործակցության համար», - ասաց «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանը։
«Ճամբարը նման էր բանալու, որն իմ առջև գիտելիքի նոր դռներ բացեց։ Այս 6 օրերին շրջապատված էի հոգատարությամբ և ձեռք բերեցի նոր ընկերներ։ Իրազեկվեցի իմ իրավունքների մասին», – նշեց ճամբարի մասնակից, ԼՂ–ից տեղահանված Դավիթ Իսրայելյանը։
«Ճամբարն ինձ տվեց նախաձեռնող ու առաջադեմ ընկերներ, ինքնավստահություն և նոր գիտելիքներ, որոնք ոչ մի այլ դասընթացում չէի յուրացրել։ Այստեղ հասկացա, որ փոփոխության դերակատար դառնալու համար պետք է համբերատարություն և ամենօրյա աշխատանք։ Շատ հաճախ, բախվելով կարծրատիպերին, մենք հուսալքվում ենք, բայց ճամբարը սովորեցրեց չհրաժարվել գաղափարներից» - ասաց Կոտայքի մարզում բնակվող ճամբարի մասնակից Ռուզաննա Խաչատրյանը։
Ճամբարի մասնակից երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու մինչև 4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ դրամաշնորհներ՝ մարդու իրավունքներին վերաբերող իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։


