շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի «Արցախի կերպարները» խորագրով ժողովածուն

Լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի «Արցախի կերպարները» խորագրով ժողովածուն

Լույս է տեսել գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի «Արցախի կերպարները» խորագրով ժողովածուն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Բեգլարյանը նշեց, որ գրքի մեջ ընդգրկված են ակնարկներ` գրված 1992-2020 թվականներին:

«Լինելով «Գոլոս Արմենիի» երևանյան թերթի սեփական թղթակիցն Արցախում` առաջին պատերազմի տարիներին վարում էի «Պատերազմը դեմքերով», «Ղարաբաղյան օրագիր» և «Դիմանկարի շտրիխներ» մշտական խորագրերը: Պատմելով հերոսների, քաղաքական գործիչների և հասարակ աշխատավորների մասին` փորձում էի բազմակողմանի ներկայացնել ընթերցողին կենդանի կերպարներ, որոնք, ի դեպ, հետագայում մտել են իմ գեղարվեստական պատմվածքներ և վիպակներ։ Պատերազմից հետո, շարունակելով իմ լրագրողական և գրական գործունեությունը տարբեր առաջատար հայկական, ինչպես նաև ռուսական և այլ արտասահմանյան թերթերում և հանդեսներում, հաճախ եմ անդրադարձել պատերազմական թեմային և լրացրել կերպարների պատկերասրահը: Երբ զգացի, որ գրքի համար հավաքվել է անհրաժեշտ նյութ, այն հանձնեցի տպագրության», - ներկայացրեց Ա. Բեգլարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:

«Գտնում եմ, որ նախ և առաջ այն արժեքավոր է իր պատմական, փաստագրական բովանդակությամբ: Բոլոր հերոսները և կերպարները ներկայացված են այն ժամանակի համատեքստում, որում ապրել ու ստեղծագործել են: Բոլորի ճակատագիրը, կարելի է ասել, ընդհանուր է, կապված իր հայրենիքի ճակատագրի հետ, բայց ամեն մեկը մի յուրօրինակ կերպար է, և իմ խնդիրն էր այն ներկայացնել ընթերցողին: Գրքի հիմնական ուղերձն է՝ լինել արժանի այն հերոսներին, որոնք կերտել են մեր հաղթանակները : Պետք է լինել նրանց նման ազնիվ և անձնուրաց: Ընդօրինակելով նրանց` մենք կհասնենք նոր հաջողությունների», - հավելեց Ա. Բեգլարյանը:

  • Կիսվել: