հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Լոռու մարզպետը մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանված, Վանաձորում և հարակից համայնքներում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպմանը

Լոռու մարզպետը մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանված, Վանաձորում և հարակից համայնքներում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպմանը

«Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և «ԼՈՖԹ» ՀԿ-ի համագործակցությամբ, հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 18-ին «ԼՈՖԹ Վանաձորում» մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանված, Վանաձորում և հարակից համայնքներում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպմանը:

Հանդիպումն անց է կացվել Հայաստանի Հանրապետության կառավարության և «ԼՈՖԹ» ՀԿ-ի համագործակցությամբ իրագործվող «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագրի շրջանակներում:

Մասնակցել են նաև Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Լուսինե Աքմաքչյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Հանդիպման մոդերատորն էր ծրագրի Վանաձոր համայնքի համակարգող Տիգրան Մադաթյանը:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին ուղղված պետական աջակցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման պետական ծրագրերը:

Լոռու մարզպետը կարևորել է միջոցառումը, նշել, որ իր աշխատակազմը պարբերաբար հանդիպումներ է ունենում մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ: Արամ Ղազարյանն ընդգծել է, որ իրազեկման նման հնարավորությունները կօգնեն առավել շատ տեղեկացված լինել պետական աջակցության տարբեր ծրագրերի մասին և ստանալ հուզող հարցերի պատասխանները:

Պաշտոնյաների կողմից ներկայացվել են կառավարության կողմից հաստատված բնակապահովման ծրագրի կարգը, առցանց դիմումների ընդունման գործընթացը, մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները և այլն:

Ներկաները հարցեր են բարձրացրել զբաղվածության ապահովման, հաշմանդամության կարգի ձեռքբերման, բնակապահովման ծրագրի, նպաստառության համակարգում ընդգրկվելու և այլնի վերաբերյալ:

Բոլոր հարցերին տրվել են պարզաբանումներ:

Արամ Ղազարյանը նշել է, որ նման հանդիպումները շարունակական կլինեն:

  • Կիսվել: