շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում

Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում

Մայիսի 25-ին Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում։ Հանդիպումը կայացել է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության Միջին Արևելքի ներկայացուցիչ Նելլի Վեքիլյանի, ԼՕԽ (Լիբանանահայ Օգնության Խաչը )-ի շրջանային վարչության ատենապետ Սիլվա Սապունճյանի, վարչության անդամների և կենտրոնի տնօրեն Նազելի Ավագյանի մասնակցությամբ, հայտնում են Արցախի ԱԺ աշխատակազմից։

Հանդիպմանը ներկա էին Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամներ Հակոբ Լատոյյանը և Էլի Թաշճյանը։

Ներկայացրել են լիբանանահայ համայնքում ԼՕԽ-ի շրջանային վարչության բարեգործական և «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնի մարդասիրական գործունեությունը։

ԱՀ պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիբանանի հայ համայնքում գործող հայկական կազմակերպությունների ազգանվեր ծառայությունը և Հայաստանին ու Արցախին մատուցած օժանդակությունը։

Վերջիններս անդրադարձել են նաև Հայաստան – Արցախ- Սփյուռք անքակտելի կապին ու համագործակցությանը, որի կարիքն այսօր ունեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը։

ԼՕԽ-ի շրջանային վարչության ատենապետը հավաստիացրել է, որ շարունակելու են սատարել Հայաստանի և Արցախի ժողովրդին,որպեսի շրջանցեն առկա տագնապալի իրավիճակը և թևակոխեն նոր ու խաղաղ ժամանակաշրջան։

Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը։ Այնուհետև պատվիրակության անդամները ծանոթացել են կենտրոնում իրականացվող աշխատանքներին։

  • Կիսվել: