Լիահույս եմ, որ ԱԺ-ն կընտրի Գուրգեն Ներսիսյանին՝ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում
Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրավապաշտպան Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը՝ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
՛՛Ուրախ եմ այս առաջադրման համար և լիահույս եմ, որ Ազգային ժողովը կընտրի նրան այդ կարևոր դիրքում:
Գուրգեն Ներսիսյանի հետ ծանոթացել եմ, երբ նա իրականացնում էր պատիժների կատարման օրինականության նկատմամբ հսկող դատախազի, իսկ ես՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները:
Նրա գործողություններում միշտ տեսանելի էր սրտացավությունն ու արդարամտությունն ազատությունից զրկված անձանց հանդեպ, իսկ վերականգնողական արդարադատության նրա մոտեցումներն ինձ հնարավորություն տվեցին իրավապահ համակարգում համախոհ գտնել, քանի որ, ցավոք, մեր համակարգը և մտածողությունը կառուցված է պատժի տրամաբանությամբ:
Ուստի, վերականգնողական մոտեցումներով դատախազը Մարդու իրավունքների պաշտպանի համար պարզապես նվեր էր...
Իսկ պատերազմի ընթացքում Գուրգեն Ներսիսյանը, որպես ընդգրկված փորձագետ, անգնահատելի նպաստ է բերել Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք գործունեությանը՝ մեզ հետ իրականացնելով այն աշխատանքները, որոնց միայն մի մասն է արտաքնապես տեսանելի եղել:
Նա իր արհեստավարժությամբ, սրտացավությամբ, արդարամտությամբ ու նախաձեռնողականությամբ առ այսօր աջակցում է և՛ փաստահավաք առաքելությանը, և՛ գերիների, անհայտ կորածների ու զոհերի հարազատների իրավունքների պաշտպանության ներքին ու արտաքին ջանքերին:
Այնպես որ շնորհակալ եմ Գուրգեն Ներսիսյանին՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում իր սկզբունքային ու կարևոր գործունեության համար, և սպասում եմ իրավապահ համակարգի բարեփոխմանն ուղղված նրա ջանքերին՝ աջակցելու մեծ պատրաստակամությամբ՛՛,-նշել է Բեգլարյանը: