հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«ԼՂ-ում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևին անտարբեր մնալը կլիներ «անընդունելի պատասխանատվություն կիսում». իտալացի պատգամավորներ

«ԼՂ-ում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևին անտարբեր մնալը կլիներ «անընդունելի պատասխանատվություն կիսում». իտալացի պատգամավորներ

Իտալացի պատգամավորներ, «5 աստղ» շարժման ներկայացուցիչ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և «Լեգա» կուսակցության անդամ Սուսաննա Չեկարդին կարծիք են հայտնել, որ պարտավոր էին աջակցել մարտի 10-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձեւին, քանի որ անտարբեր մնալը կլիներ «անընդունելի պատասխանատվություն կիսում», տեղեկացնում է Agenzia Nova գործակալությունը:

Նշվում է, որ Կաստալդոն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի իշխանությունները փորձում են բռնի ուժով արմատախիլ անել բնիկ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը»:

«Հուշարձաններ, միջնադարյան վանքեր, եկեղեցիներ, դամբարաններ. հարգանք չկա ոչ ողջերի, ոչ մեռածների նկատմամբ: Անցյալը ջնջելով՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են արդարացնել տարածաշրջանի համար իրենց մտածած ապագան, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Եվրախորհրդարանը պետք է հստակ լինի և խնդրի Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերջ դնել այս բարբարոսական վանդալիզմին և սկսել կառուցողական և ներառական երկխոսություն տարածաշրջանում»,- հավելել է «5 աստղ»-ի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ իրենք աջակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը՝ դատապարտելով այդ առաքելությունը խոչընդոտելու Բաքվի գործողությունները: «Պատմությունը չի կարող վերաշարադրվել ծավալապաշտական նկրտումներն արդարացնելու համար: Պարտավոր էինք աջակցել այս բանաձևին, որն ընդունվել է ճնշող մեծամասնությամբ և մեծ կարևորություն ունի»,- եզրափակել է Կաստալդոն։

Չեկարդին նշել է, որ Արցախում հայկական մշակութային ժառանգությանը՝ եկեղեցիներին, թանգարաններին, նաև գերեզմանատներին հասցված վնասը նպատակ ունի է ջնջել մի ողջ ժողովրդի դարավոր հիշողություն: Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ անթույլատրելի է համակերպվել այս մասշտաբի մշակութային ցեղասպանության հետ:

«Հայկական մշակույթն արդեն տեսել է անցյալ տարիներին իր պատմության հատվածների համակարգված ջնջումը, ինչպես 2005 թվականին, երբ Նախիջևանի Ջուղայի գերեզմանատունը պնևմատիկ մուրճով ավերվեց. միջնադարում տուֆի վրա նրբորեն փորագրված հազարավոր խաչքարեր մեկընդմիշտ վերացվեցին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր է, ինչպես նշված է մեր ընդունած բանաձևում, այցելել տարածաշրջան, գույքագրել և պահպանել ժառանգությունը: Անտարբերությունը անընդունելի համատեղ մեղսակցություն է»,- ասել է Չեկարդին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: