հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԼՂ-ում հանքավայրեր այցելելու արգելքի պատճառով Ադրբեջանը դիվանագիտական նոտա է հղել Ռուսաստանին

ԼՂ-ում հանքավայրեր այցելելու արգելքի պատճառով Ադրբեջանը դիվանագիտական նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին դիվանագիտական նոտա է հղել:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը` նրանց տեղակայման վայրերում բնական ռեսուրսների ՛՛ապօրինի շահագործումը՛՛ կանխելու, ինչպես նաև միջավայրի վրա դրա բացասական ազդեցության հետևանքները վերացնելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին կոչ է արել հանքավայրերի անարգել հասանելիություն ապահովել ադրբեջանցի մասնագետների համար՝ մատնանշելով իրենց ուղևորությանը խոչընդոտելու կամ որևէ պայման դնելու անթույլատրելիությունը: Բաքուն պնդում է, որ ռուս խաղաղապահները պետք է խստորեն պահպանեն Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Բացի այդ՝ նշվում է նաև, որ շատ դեպքերում ադրբեջանական կողմի այս հորդորներին պատասխան չի տրվել, խաղաղապահ զորախմբի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ՛՛Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը կանխելու նպատակով՛՛:

Նշենք՝ երեկ ադրբեջանցի ՛՛բնապահպանները՛՛ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել էին Արցախի տարածքում գտնվող Կաշենի հանք, սակայն հանքի աշխատողներն ու տեղի գյուղացիները փակել էին հանքի մուտքը: Հետագայում Արցախի տեղեկատվական շտաբը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ ասելով, որ այցը ԱՀ իշխանությունների հետ համաձայնեցված չի եղել, համաձայնեցված է եղել ռուս խաղաղապահների հետ, որոնք դրա վերաբերյալ իրենց վերադասից են հրահանգ ստացել:

  • Կիսվել: