երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԼՂ-ից տեղահանված 113․635 անձ ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական

ԼՂ-ից տեղահանված 113․635 անձ ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2024 թ. 9 ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 125․124 նույնականացման քարտ (աճը՝ 170,2%), ինչը պայմանավորված է ՀՀ-ում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ: Այս մասին 2025-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է նաև 419․413՝ ՀՀ քաղաքացու անձնագիր (աճը՝ 14,2%):

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14․876 անձի (նվազումը՝ 7,1%):

Կազմվել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ 2859 գործ (աճը՝ 4,9%)»,- ասաց փոխնախարարը:

Արփինե Սարգսյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացին՝ նշելով, որ ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ են ստացել 113․635, հաշվառվել՝ 99.091, իսկ քաղաքացիության համար դիմել է շուրջ 5604 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 3611-ին։

«2024 թվականի 9 ամիսների ընթացքում հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության հաշվառման-քննական ստորաբաժանումներում հաշվառվել է 120․844 տրանսպորտային միջոց, այդ թվում` էլեկտրոնային ռեգիստրում առաջին անգամ՝ 31․181-ը, տրամադրվել է 128․523 հաշվառման համարանիշ և 65․926 ազգային վարորդական վկայական»,- ասաց փոխնախարարը։

  • Կիսվել: