շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս կարող են օգտվել կենսաթոշակի ու նպաստի հետվճարի ծրագրից

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս կարող են օգտվել կենսաթոշակի ու նպաստի հետվճարի ծրագրից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ևս կարող են օգտվել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի դեպքում 10 տոկոս հետվճարի ծրագրից: Եթե նախկինում հետվճարի ծրագրից կարողանում էին օգտվել այն քաղաքացիները, ովքեր օգտվում էին գործընկեր բանկերից, 2024 թվականից տեղի է ունեցել փոփոխություն, և հետվճարի ծրագրից կարող են օգտվել բոլոր քարտապան կենսաթոշակառուները: Այդ մասին հումանիտար կենտրոնում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառու անձինք կարո՞ղ են օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից:

«Հետվճարի ծրագրից կարող են օգտվել ինչպես կենսաթոշակառուները, այնպես էլ նպաստառուները՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցություն, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, վետերանների պատվո վճար, զինպարգևավճար, ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացողները»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ եթե կենսաթոշակառուն փոխում է հաշվեհամարը, ե՞րբ կարող է ստանալ կենսաթոշակը նոր հաշվին, Զարուհի Մանուչարյանն ասել է.

«Հաշվեհամարի կամ քարտի հետ ցանկացած գործարքի դեպքում քաղաքացուն խնդրում ենք մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և գրել դիմում, և հաջորդող ամսվանից կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի նոր հաշվեհամարին»:

Խոսելով այն մասին, որ եթե մայրն ունի 2 մլն կամ ավելի գումար, արդյոք նրա անչափահաս երեխաներն օգտվո՞ւմ են սպառողական ծախսերի համար հատկացվող 50 000 դրամ աջակցությունից, եթե դիմումը լրացրել է մայրը, նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում երեխան շահառու է, եթե դիմում լրացնող ծնողը շահառու է: «Այս դեպքում, եթե մայրը ծրագրի շահառու չէ, ապա երեխան ևս չի կարող լինել շահառու»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը:

Ամփոփելով՝ Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է նախարարության տարածած հայտարարությանը, որը հորդորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զերծ մնալ անձնական տվյալները՝ անձնագրի, հանրային համարանիշի, բանկի քարտային տվյալները, ներկայացնել որևէ ոչ պաշտոնական աղբյուրներում կամ հարթակներում՝ խարդախություններից և կիբեռհանցագործություններից խուսափելու նպատակով:

  • Կիսվել: