երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԼՂ-ից ավելի քան 250 միայնակ տարեցներ շուրջօրյա խնամք են ստանում խնամքի հաստատություններում. Մկրտչյան

ԼՂ-ից ավելի քան 250 միայնակ տարեցներ շուրջօրյա խնամք են ստանում խնամքի հաստատություններում. Մկրտչյան

Մենք հիմա էլ հայտնաբերում ենք տարբեր կացարաններում միայնակ, խնամքի կարիք ունեցող մեր տարեց հայրենակիցներին և կազմակերպում ենք նրանց խնամքը համապատասխան հաստատություններում: Այս մասին, ներկայացնելով հումանիտար կենտրոնի աջակցության աշխատանքների ընթացքը, ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Այս պահի դրությամբ խնամքի կարիք ունեցող ավելի քան 250 միայնակ տարեցներ, որոնց շրջանում կան նաև հաշմանդամություն ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչներ, շուրջօրյա խնամք են ստանում խնամքի հաստատություններում»,- նշեց նախարարը: 

«Մի կարևոր օղակ կա, որ ընդգծում ենք. խնամքի կարիք ունեցող տարեցների առողջական խնդիրների լուծումն է, և մենք մինչև խնամքի կենտրոն տեղափոխելը նախ պետք է հասկանանք՝ կա՞ որոշակի առողջական խնդիր, թե՝ ոչ: Այս պահի դրությամբ Մեծամորի հիվանդանոցում առողջական տարբեր խնդիրներ ունեցող՝ ավագ սերնդի ավելի քան 30 ներկայացուցիչներ են գտնվում: Նրանց առողջական խնդիրները լուծելուց հետո մենք կտեղափոխենք խնամքի հաստատություններ, որտեղ նրանք շուրջօրյա խնամք կստանան»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը ենթադրում է, որ սոցիալական աշխատանքի դեպքի վարման շրջանակներում խնամքի կարիք ունեցող՝ ավագ սերնդի ավելի քան 300 ներկայացուցիչներ կլինեն: «Մենք մեր ենթակառուցվածքներն անընդհատ բարելավում ենք, որպեսզի կարողանանք պատշաճ ծայառայություններ մատուցել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է առանց խնամքի մնացած երեխաներին՝ նախարարն ասաց, որ առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 20 երեխաներ նաև ուղղորդվել են խնամքի հաստատություններ, որտեղ նաև կրթական գործընթացի մեջ են նրանք ներգրավված: «Բավականին ջերմ ընդունելության են, բնականաբար, արժանացել և՛ աշխատակիցների, և՛ խնամյալ մյուս երեխաների կողմից: Մենք անընդհատ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում նրանց»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:

 

  • Կիսվել: