երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԼՂ պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ շուրջ 315 մլրդ դրամ է, որոնց գերակշիռ մասի սպասարկումն անհնար է դարձել. Վահե Հովհաննիսյան

ԼՂ պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ շուրջ 315 մլրդ դրամ է, որոնց գերակշիռ մասի սպասարկումն անհնար է դարձել. Վահե Հովհաննիսյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նստաշրջանը:

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ ՀՀ ֆինանսաբանկային համակարգը, ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո պահպանել է ներկայացվածությունը ԼՂ-ում՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղում տնտեսության բնականոն գործունեությանը: Դրան նպաստել են ԼՂ կառավարությանը ՀՀ կառավարության աջակցությունը և ԿԲ-ի կարգավորումները: Մասնավորապես 2020-ից Կառավարության կողմից ԼՂ-ին աջակցությունը թույլ է տվել սպասարկել Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային համակարգի հանդեպ մեծ պարտավորությունները, որոնց մի  մասը ձևավորվել էր նաև պատերազմի հետևանքով: ԼՂ-ի կառավարության և նրա հիմնադրամների կողմից թողարկված պարտատոմսերը ԿԲ-ի կարգավորումներով մշտապես հավասարեցված են եղել պետական պարտատոմսերին: Դրանց ծավալը կազմել է շուրջ 273 միլիարդ դրամ:

«Արտաքին աուդիտ իրականացնող ընկերությունները դիտարկել են ԼՂ կառավարության կողմից թողարկված պարտատոմսերը ՀՀ Կառավարության նկատմամբ պահանջների միևնույն մոտեցումներով: ԼՂ կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը ԼՂ իրավիճակի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել»,- ասաց նախարարը՝ նկատելով՝ նշվածը առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես ՀՀ ֆինանսաբանկային համակարգի էական կորուստներ և ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների և բանկերի վարկանիշների էական վատթարացում, տնտեսական ակտիվության նվազում:

«Նախագծով նախատեսվում է նշված շուրջ 315 միլիարդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջև՝ համապատասխանաբար 70 և 30 համամասնությամբ, ընդ որում՝ ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70 տոկոսի չափի մասով Կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորության նկատմամբ պահանջի իրավունքը: Ընդ որում՝ նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչև 225 մլրդ անվանական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էական մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը և դրանցից բխող՝ տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական ռիսկերը»,- հայտնեց Վահե Հովհաննիսյանը:

Բացի այդ՝ ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը և հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում վերոնշյալ գործարքը հարկային հետևանքներ չի առաջացնի ՀՀ ֆինանսական կազմակերպությունների համար:

Նախարարը առաջարկեց կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Նիստը վարողի իրավունքով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հարց ուղղեց Հովհաննիսյանին՝ խնդրելով պատասխանել հարցին՝ բանկային համակարգի պատասխանատվությունը ինչպե՞ս է արձանագրվում տվյալ օրենսգրքում, և որոնք են այն պարտավորությունները, որ նրանք ստանձնում են:

Հովհաննիսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի, և Կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել իր վրա վերցնել բեռի մեծ մասը, և սրա հետևանքով վերակառուցվում է, այսինքն՝ զիջվում է պարտավորության նկատմամբ իրավունքների ամբողջ մասը Կառավարությանը, և դրա փոխարեն բանկային համակարգը ստանում է պետական գանձապետական պարտատոմսեր:

«Մենք մեղմում ենք այն ռիսկը, որոնք բանկերը այլ պայմաններում պետք է կրեին, որովհետև ԼՂ կառավարությունը կամ այն տնտեսվարող սուբյեկտները, ում նկատմամբ կային պահանջներ, այլևս չեն կարողանալու այդ պահանջները սպասարկել»,- պարզաբանեց նախարարը:

  • Կիսվել: