ԼՂ հայերի վերադարձ ո՞ւր, ի՞նչ պայմաններով, կարո՞ղ եք ասել. Միրզոյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ նաև 2020 թվականի պատերազմից հետո, իրենց գնահատմամբ, իրատեսական բոլոր հնարավոր ջանքերը գործադրել են, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա շարունակել ապրել ԼՂ-ում և օժտված լինել որոշակի իրավունքներով: Այս մասին նախարարն ասաց այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
՛՛Հիմա սա փաստ է, որ այս ջանքերը ճիշտ վերաբերմունքի չարժանացան ԼՂ-ի գործող, գուցե նաև նախկին իշխանությունների կողմից, և ինչ-որ առումով նաև այդ պատճառով հիմա ունենք այն, ինչ ունենք՛՛,-նշեց նա:
Խոսելով այն մասին, թե հայկական կողմը բանակցո՞ւմ է ԼՂ հայերի վերադարձի մասով՝ Արարատ Միրզոյանը նշեց. ՛՛Լեռնային Ղարաբաղի [հայերի] այնտեղ ապրելու մասին մենք խոսում էինք այն ժամանակ, երբ ԼՂ-ում հայեր ապրում էին: ԼՂ վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան, որը երբեմն ոչ այնքան լրագրողները, որքան քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչները կրկնում են: ԼՂ հայերի վերադարձ ո՞ւր, ի՞նչ պայմաններով, կարո՞ղ եք ասել: Ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր, կա՛ր այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավո՞ւնք ունեն, կա՛ր այդ հնարավորությունը: Ուրի՞շ՛՛:
Այս համատեքստում Միրզոյանը հիշեցրեց նաև ԼՂ խնդրի հանգուցալուծման մասով ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերը 2021-2022-ին, երբ քննարկվում էր ԼՂ ներկայացուցիչների կողմից Սոֆիայում ուղիղ բանակցություններ անցկացնելու առաջարկը, որոնք, ըստ նախարարի, հօդս ցնդեցին:
՛՛Եվ այդ հանդիպումների հետ [հօդս ցնդեց] հնարավոր այն հեռանկարը, որն այդ հանդիպումները կարող էին բերել: Հօդս ցնդեցվեցին շատ կոնկրետ շրջանակների կողմից շատ կոնկրետ գործողություններով, գուցե նաև հրահրված՝ շատ կոնկրետ երրորդ երկրների կողմից:
Հիմա, երբ այդ ամենը եղել է, երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք, Երևանում ասում եք՝ ԼՂ հայերի վերադարձ: Շա՛տ լավ, լսեցինք ձեզ: Ցավոք սրտի, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին:
Մեր Կառավարության քաղաքականությունն է՝ այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան, այդ թվում՝ Կառավարության աջակցությամբ, հոգալ իրենց բոլոր առաջին անհրաժեշտության կարիքները: Կարճաժամկետ կտրվածքով դա տեղի ունեցել է, այժմ փուլն է՝ օգնելու նրանց, հոգալու միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները, այդ թվում՝ բնակարանային ապահովում, զբաղվածություն և այլն: Մենք կանենք մեզնից հասնող ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ ՀՀ-ում լիարժեք ինտեգրված զգան և ապրեն, օգտվեն բոլոր իրավունքներից՛՛,-նշեց նախարարը: