կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղը պարտավոր է ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ․ Սամվել Բաբայան

Լեռնային Ղարաբաղը պարտավոր է ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ․ Սամվել Բաբայան

Մենք մինչեւ օրս ռեալ բանակցություններ Ադրբեջանի հետ չենք վարել։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

«Ուղարկում մի անհատ, ասում ենք՝ այս անձը լավ բանակցող է, ուզում եմ հասկանալ՝ այդ անձը հանճա՞ր է, նա կարող է բանակցել եւ՛ տնտեսությունից, եւ՛ քաղաքական, եւ՛ իրավական, իհարկե ոչ։ Հետո ասում են՝ իրենց թիմն ունեն, ես բանակցություններն այդպիսին չեմ պատկերացնում։ Մենք այդպես սառեցրած պահել ենք, մինչեւ հիմա էլ չենք հասկանում, որ համակարգված բանակցություններ չենք վարել, դա է պատճառն եղել, որ թելադրանքի տակ ենք եղել մինչեւ օրս»,- ընդգծեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը պարտավոր է ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ․ «Այն սկզբունքները, որոնք պետք են համաձայնեցվեն, այդ սկզբունքների շուրջ բացել բոլոր մասերը։ Սա է միակ բանակցային ձեւը, որից մենք չենք օգտվել ոչ մի ժամանակ։ Բոլորն էլ ամենալավ բանակցողներն են, պատճառը պետք է այդտեղ փնտրել»։

Սամվել Բաբայանը շեշտեց, որ հայկական կողմը դրել է մաքսիմալ պահանջներ․ «Մենք պետք է կարողանանք ինտեգրվել քաղաքականապես, տնտեսապես եւ գտնենք լուծումներ ինչքան էլ ցավալի ու անհնարին լինի դա»։

Նա ասաց, որ Արցախի հարցը փակված չէ․ «Մենք ունենք հիմնական տարբերակ՝ բանակցային սեղանի շուրջ գտնել այդ լուծումը եւ ժողովուրդը վերադառնա այդտեղ։ Մենք այսօր ճանաչում ենք Ադրբեջանի ամբողջականությունը, Ղարաբաղի հարցը չենք բանակցում, խաղաղության պայմանագիր ենք ստորագրում, եւ ինչպես Ադրբեջանն է 26 տարի պատրաստվել ռեւանշի, այնպես էլ դուք պատրաստվեք, եւ ձեր թոռներով կռվեք։ Վերջին տարբերակն էլ այն է, որ տարածաշրջանի պետությունները կպատերազմեն Ադրբեջանի տարածքում, մենք էլ ոտքի տակ կկորենք»։

  • Կիսվել: