Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում. Ալիև
Հանդիպումը շատ կարեւոր էր տարածաշրջանի հետագա կայուն եւ անվտանգ զարգացումն ապահովելու համար: Այս մասին այսօր ասել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո անցկացված ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ հանդիպումը խոսում է կողմերի արդյունքի հանդեպ տրամադրվածության, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած գործողությունների տակ գիծ գծելու պատրաստակամության մասին:
Ալիևը հիշեցրել է, որ նախորդ հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումն է. ՛՛Սա այն ոլորտն է, որը կարող է մեծ դինամիկա հաղորդել տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաեւ ամրապնդել անվտանգությունը: Քանի որ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ մեր հարեւան ժողովուրդների շահերին: Համոզված եմ, որ հարեւան երկրները նույնպես ակտիվորեն կմասնակցեն տրանսպորտային միջանցքների ստեղծմանը եւ տրանսպորտային զարկերակների լայն ցանցի ստեղծմանը մեր տարածաշրջանում: Մենք պետք է շարունակենք գտնել գործունեության այն ոլորտները, որոնք արագ արդյունք կտան եւ ուղղված են արդյունքների՛՛:
Ադրբեջանի նախագահի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբնոյեմբերի 9-10-ի նախորդ հայտարարությունը հաջողությամբ իրականացվում է, կետերի մեծ մասը կատարված են:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն արդյունավետորեն կատարում է իր գործը եւ երկու ամսվա ընթացքում, բացառությամբ փոքր միջադեպերի, անհանգստության լուրջ առիթ չի եղել: Այս ամենը վստահություն է ներշնչում, որ, ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում, եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին, ինչպես միասին ապրել հարեւանությամբ, ինչպես ձգտել նրան, որպեսզի հասնենք տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը եւ հետագայում ամրապնդենք տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը՛՛: