ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լենցովն արդեն Արցախում է, ճանապարհի բացումը նրա հեղինակության հարցն է. Սամվել Բաբայան

Լենցովն արդեն Արցախում է, ճանապարհի բացումը նրա հեղինակության հարցն է. Սամվել Բաբայան

Խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովն արդեն Արցախում է, այսօրվանից նա է վարելու բանակցությունները ադրբեջանական կողմի հետ՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետը հանելու շուրջ։ «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ընդգծելով, որ ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարի հեղինակության հարցն է լինելու։

«Էսօրվանից պետք է սկսեն բանակցությունները և սկսեն գործողությունները, իմ կարծիքով, մի երկու օր հետո պիտի արդեն կոնկրետ երևա՝ ինչ են արել: Հիմա տեսնենք՝ ինչքանով են կարողանալու թույլ չտան, որ շարունակվի էդ ցիրկը», - նշեց Բաբայանը:

Նշենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման ու կրկնակի շրջափակման պատճառով Արցախի Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն և Հին Շեն համայնքները հումանիտար աղետի առջև են կանգնել:

Լաչինի միջանցքի մուտքի մոտ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: 

 

  • Կիսվել: