չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լեհաստանի կառավարությունը Արցախից տեղահանված բնակիչներին երեք տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել

Լեհաստանի կառավարությունը Արցախից տեղահանված բնակիչներին երեք տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել

Այսօր Լեհաստանի կառավարությունը երեք տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած՝ Արցախից տեղահանված քաղաքացիներին: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ Արցախյան պատերազմի օրերից սկսած համակարգում էր արցախցիներին կացարանով ապահովման գործընթացը ու դեռ պետական հոգածության կացարաններում ունենք բնակվող շուրջ 1000 արցախցիներ: Լեհաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է տրամադրել՝ հիմնականում առաջին օգտագործման պարագաներ, ախտահանիչ միջոցներ և այլն, որոնք անմիջապես կբաշխվեն քաղաքացիներին՛՛:

Ստեփանյանի խոսքով՝ Արցախից տեղահանված քաղաքացիները ապահովված են անհրաժեշտ պարագաներով, իսկ Լեհաստանից ուղարկված հումանիտար օգնությունը հավելյալ աջակցություն կլինի նրանց համար:

Իր հերթին Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակն էլ հիշեցրեց, որ 2021 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հումանիտար օգնության կոչ էր արել, ինչին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին բավականին արագ արձագանքել է:

Դեսպանն ասաց. ՛՛Բեռը նպատակաուղղված է այն քաղաքացիներին, ովքեր իրենց տներն են կորցրել Լեռնային Ղարաբաղում: Ուղարկել ենք փախստականների համար առաջին օգնության պարագաներ, ջերմաչափեր, ճնշումը չափող սարքեր և այլն՛՛:

  • Կիսվել: