կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լավրովն ու Ռաուն կքննարկեն ԵԱՀԿ-ի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Լավրովն ու Ռաուն կքննարկեն ԵԱՀԿ-ի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ նախագահի` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Քննարկվելու է ԵԱՀԿ-ի դերը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում ու ԵԱՀԿ–ի մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության ու կայունության ժնևյան քննարկումներին՛՛:

Բանակցությունների օրակարգում, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, ԵԱՀԿ գործունեության հարցերի լայն շրջանակն է, կազմակերպության 2022 թվականի աշխատանքային ծրագիրը:

Զախարովան ասել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՀԿ արդյունավետության բարձրացման, կազմակերպության անդամ պետությունների միջև վստահության հաստատման, փոխզիջումների որոնման օգտին:

Նա վստահեցրել է, որ ՌԴ-ի համար կարևոր է, որ ԵԱՀԿ երկրները նույն կերպ հասկանան կազմակերպության գագաթաժողովների, 1999 թվականի եվրոպական անվտանգության խարտիայի ու 2010 թվականի Աստանայի հռչակագրի փաստաթղթերում ամրագրված` անվտանգության անբաժանելիության սկզբունքը ու պատշաճ կերպով կատարեն իրենց պարտավորությունները՝ այլ պետությունների անվտանգության հաշվին սեփական անվտանգությունը չամրապնդելու վերաբերյալ:

  • Կիսվել: