հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լաչինի միջանցքի փակման հետևանքով ՀՀ-ում մնացած մոտ 1100 արցախցիներ՝ այդ թվում 300 երեխաներ չունեն կեցության որևէ խնդիր, նրանք սպասում են տունդարձին.ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն

Լաչինի միջանցքի փակման հետևանքով ՀՀ-ում մնացած մոտ 1100 արցախցիներ՝ այդ թվում 300 երեխաներ չունեն կեցության որևէ խնդիր, նրանք սպասում են տունդարձին.ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն

Վերջին տվյալով 1100-ին մոտ Արցախի քաղաքացի է մնացել Հայաստանում, այն պատճառով, որ վերադարձ դեպի Արցախ ճանապարհը փակ է եղել: Նրանց մի մասն արդեն ճանապարհին է եղել, երբ այդ դեպքերը տեղի են ունեցել և այդ մարդիկ հանգրվանել են Սյունիքի մարզում, մեծամասամբ՝ Գորիսում: Տեղում քաղաքապետարանը ինքնակազմակերպել է, մարդկանց տեղավորել են և ապահովել են սնունդով: Այն մարդիկ, որոնք ճանապարհի երկար մասը դեռ անցած չեն եղել, հետ են վերադարձել՝ մեծամասամբ Երևան: Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը։

«1100-ից մոտ 300-ը երեխաներ են: Նրանք երեխաներ են ոչ միայն ընտանիքների հետ Հայաստան եկած, այլ տարբեր ստեղծագործական խմբեր են, միջազգային, մարզական մրցույթների մասնակից երեխաներ, ինչպես  նաև Արցախի տարբեր պետական կառույցների կողմից Եվրատեսիլի շոուին երեխաներ բերած պատվիրակություններ: Երեխաների մի հատվածն էլի տեղակայված է Գորիսում, մնացածը գտնվում են Երևանում»,- նշեց Արմինե Հայրապետյանը:

Հիշեցնենք,որ օրեր առաջ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ՝ իբրև թե բնապահպաններ, կրկին դիմել են սադրանքի՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Բազմաթիվ արցախցիներ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով մնացել են կես ճանապարհին:  

 

Թե ինչ խնդիրներով են հիմնականում իրենց դիմում,Հայրապետյանն ասաց. «Հոգեբանական անկումային տրամադրություններ կան, մարդիկ ուղղակի մնացել են կես ճանապարհին, որպես այդպիսին կարիքներ չկան, նրանք պարզապես սպասում են ճանապարհի բացվելուն, նրանք կեցության խնդիր չունեն»:

Դեռևս պարզ չէ, թե ճանապարհը երբ կբացվի և արցախցիներն ինչքան ստիպված կլինեն մնալ Հայաստանում: Արմինե Հայրապետյանն ասաց, որ, ցավոք, տեղահանվածների հետ աշխատելու փորձ ունեն. «Այդ մեխանիզմները կան, գործարկվում են, սակայն, պետք է նաև նշեմ, որ մենք կրիտիկական վիճակում չենք, մեծաքանակ մարդկանց մասին խոսք չկա»:

 

  • Կիսվել: