հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախ վերադառնալ չկարողացած անձանց մեծ մասը հանգրվանել է Երևանում և Գորիսում

Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախ վերադառնալ չկարողացած անձանց մեծ մասը հանգրվանել է Երևանում և Գորիսում

Ադրբեջանցիների կողմից  Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու հետևանքով  շուրջ 1100 արցախցի հնարավորություն չունեն վերադառնալու՝ այդ թվում 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։  Նշված թվից Գորիսում է տեղավորվել շուրջ 200 արցախցի՝  մեծ մասամբ երեխաներ ու կանայք:

Հայաստանում Արցախի ներկայացուցչությունից տեղեկացրեցին, որ Արցախի ՄԻՊ-ի նշած 1100 քաղաքացիների մեծ մասը տեղավորված են Երևանում, քանի որ կան մի շարք պատվիրակություններ, որոնք տարբեր երկրներից նոր են վերադարձել, պարի խմբեր, որոնք միջազգային մրցույթներից են վերադարձել, երեխաներ, ովքեր իրենց ուսուցիչների հետ եկել էին  Եվրատեսիլին մասնակցելու, և մարդիկ, ովքեր եկել էին  հիվանդանոցներում բուժում ստանալու նպատակով և այժմ չեն կարողանում վերադառնալ:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն ընդգծեց, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն անընդհատ կապի մեջ է Ստեփանակերտի իր գործընկերների հետ, որպեսզի կարողանան բոլոր հարցերին արագ  արձագանքել ու լուծում տալ: 

«Գորիսի համայնքապետարանը մարզպետարանի  ներկայացուցիչների հետ համատեղ երեկվանից կազմակերպում են ճանապարհին մնացած բոլոր արցախցիների կեցության հարցերը, հումանիտար ցանկացած հարցի արագ արձագանքում են: Քաղաքացիները  տեղավորված են հյուրանոցներում, ստանում են սնունդ ու անհրաժեշտ բոլոր օգնությունները»,- ասաց Իրինա Յոլյանը:

Նա նշեց, որ այժմ փորձում են հավաքագրել և արձանագրել երեխաների կարիքները, ովքեր հագուստի, գրենական պիտույքների, ժամանցի պարագաների կարիք կունենան, որպեսզի կարողանան այդ խնդրին էլ սեղմ ժամկետներում լուծում տալ:

  • Կիսվել: