չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լաչինի միջանցքի բացման խնդիրը Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Լաչինի միջանցքի բացման խնդիրը Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:

 Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում: Ջոն Գալագերին համատեղ և արդյունավետ աշխատանք է մաղթել նախարարին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման ու ամրապնդման:
 
Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ոլորտային համագործակցությանը, հատկապես կարևորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ: Որպես հաջողված օրինակներ՝ նշվել են անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրը, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացումը։
 
«Առանձնահատուկ կարևոր են Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունն անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների վերապատրաստման հարցերում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով Բրիտանական խորհրդին մշակույթի ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներում գործուն աջակցության համար։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Անդրադարձ է եղել ՀՀ-ում ընթացող կրթական և մշակութային բարեփոխումների ընթացքին, և երկուստեք վերահաստատվել պատրաստակամությունը՝ էլ ավելի սերտորեն համագործակցել ոլորտային ռազմավարությունների իրականացման փուլում։
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի խնդրին՝ վերստին շեշտելով հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները:
 
«Ամեն օր շարունակվում են խախտվել շուրջ 30.000 երեխաների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը: Հույս ունենք, որ նաև դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները տեղ կհասնեն, խնդիրը լուծում կստանա, և Լաչինի միջանցքը կբացվի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
 
Նշելով, որ բարձրաձայնված խնդիրը գտնվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ դեսպան Ջոն Գալագերը հույս է հայտնել, որ խնդիրը  կստանա դրական լուծում:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ դեսպանն ու նախարարը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։ Բարձր գնահատելով կատարված աշխատանքն ու փորձի փոխանակումը՝ երկուստեք կարևորվել է զարգացման ծրագրերի ընդլայնումը բոլոր ուղղություններով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջիկայում Լոնդոնում տեղի ունենալիք Համաշխարհային կրթական ֆորումին Հայաստանի կրթական բարեփոխումների ընթացքի և ձեռքբերումների ներկայացմանը:

  • Կիսվել: