երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կովկասագիտության և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնները փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել

Կովկասագիտության և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնները փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել

Այսօր՝ապրիլի 15-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջև փոխհամագործակցության հուշագիր է ստորագրվել:

Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունել է կողմերի միջև համագործակցության պաշտոնական մեկնարկը ու հրաշալի համարել կայացրած որոշումը: Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը հույս է հայտնել, որ նախագիծը օրինակ կլինի Արցախում գործող բոլոր կազմակերպությունների ու կառույցների համար:

«Տարածաշրջանում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ տարանջատ գործելով տեղեկատվական դաշտում հնարավոր չէ արդյունքների հասնել: Մեր այսօրվա հուշագիրն ապացույցն է այն բանի, որ մենք որոշել ենք միասին պայքարել մեկ ընդհանուր նպատակի համար, ընդ որում` այս երկու կենտրոններից բացի, Արցախում գործող այլ վերլուծական կենտրոն չկա: Մենք նպատակ ունենք ծառայելու ի շահ մեր ազգին և պետության, օգտակար լինելու պետությանն ու մեր ժողովրդին, գտնելու մեր երկրի համար օգտակար տեղեկատվություն և ապահովելու մեր ժողովրդի ու պետության տեղեկատվական անվտանգությունը»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հ. Ավանեսովը:

Ըստ մեր զրուցակցի տրամադրած տեղեկատվության՝ կողմերը համագործակցելու են երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող կրթադաստիարակչական, գիտահետազոտական, ուսումնամեթոդական և վերլուծական ծրագրերը համատեղ մշակելով և իրականացնելով, դասընթացների կազմակերպելով՝ օգտագործելով երկու կառույցների մասնագետների և կապերի հնարավորությունները, ուսանողների փորձուսուցում կազմակերպելով, գիտական և վերլուծական ժողովածուների հրատարակելով և, իհարկե, երկու կենտրոնների իրականացրած համատեղ ծրագրերի լուսաբանման գործընթացն ապահովելով, ինչպես նաև հստակ քայլեր են ձեռնարկվելու Արցախում <<Տարածաշրջանագիտություն>> մասնագիտության զարգացման ուղղությամբ:

  • Կիսվել: