ԿԽՄԿ-ն պլանշետներ է տրամադրել ԿԳՍ նախարարությանը. կնքվել է համագործակցության համաձայնագիր
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջև այսօր՝ մայիսի 11-ին, ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ, ըստ համաձայնագրի, ԿԽՄԿ-ն նախարարությանն է տրամադրել 109 պլանշետներ, որոնք նախատեսված են կոնկրետ համայնքների ուսուցիչների և աշակերտների համար:

Նախարարի խոսքով՝ պայմանավորված հանրապետությունում առկա համավարակի տարածմամբ՝ հանրակրթական ողջ համակարգն անցել է առցանց և հեռավար ուսուցման: Կրթության հասանելիության ծրագրի կողմից վերջերս կատարած գնահատման արդյունքներով հարյուրավոր դպրոցահասակ երեխաներ և մի շարք ուսուցիչներ չեն կարողանում պատշաճ կերպով մասնակիցը լինել ուսումնառության հեռավար համակարգի:
«Այդ իրավիճակում մեծամասամբ տուժում են սոցիալապես խոցելի տարբեր խմբերի՝ շփման գծի մոտակայքում ապրող, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների և խնամքի հաստատություններում ապրող հատուկ կարիքներով, միայնակ ծնողի երեխաներ: Բացի այդ, ուսուցիչների շրջանում սարքերի պակասը նույնպես բացասական ազդեցություն է թողնում հեռավար կրթության լիարժեք իրականացման համար: Արձագանքելով այս մարտահրավերներին՝ ԿԽՄԿ-ն պատրաստակամություն է հայտնել պլանշետներ տրամադրելու Թալիշ, Տոնաշեն, Մատաղիս և Մաղավուզ համայնքների՝ սոցիալապես առավել խոցելի երեխաներին, երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության սաներին, ինչպես նաև Մարտունու, Մատակերտի, Հադրութի շրջանների մոտակայքում գտնվող համայնքների մի շարք ուսուցիչների»,-մասնավորապես ասել է նախարարը:
Ն. Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել կառույցի ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին նախարարությանն աջակցելու համար:
Պիեռ-Էմանուել Դյուքրուեն իր հերթին ասել է, որ կառույցն այս անգամ նյութական աջակցություն է տրամադրել ԿԳՍ նախարարությանը, որպեսզի դպրոցականները և ուսուցիչները հնարավորություն ունենան մասնակցելու հեռավար ուսուցմանը:
«Մեր կառույցը նաև դրամական աջակցություն է տրամադրել միայնակ տարեցներին, ինչպես նաև հիգիենիկ պարագաներ՝ առողջապահության ոլորտին, փրկարար ծառայությանը: Ուրախ ենք, որ այսօր էլ օգնության ձեռք ենք մեկնում կրթության ոլորտին: Մենք պատրաստ ենք համագործակցելու գերատեսչությունների հետ և հնարավորության սահմաններում նրանց աջակցելու»,- մասնավորապես ասել է Պիեռ-Էմանուել Դյուքրուեն: