ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խրամորթցիներն աստիճանաբար վերադառնում են գյուղ

Խրամորթցիներն աստիճանաբար վերադառնում են գյուղ

Փառուխի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ներխուժումից ու Քարագլուխ բարձունքի մի հատվածում դիրքավորվելուց ամիսներ անց էլ Խրամորթ դեռ ոչ բոլորն են վերադարձել, բնակիչներն աստիճանաբար են գալիս գյուղ։ 70-ամյա Էմմա Բաղդասարյանը անցած ամիս է տղայի, հարսի, թոռների հետ վերադարձել Խրամորթ, մինչ այդ հարևան Իվանյանում էին ապրում՝ աղջկա տանը, գրում է «Ազատություն»-ը։ 

Ռուս խաղաղապահներ կան գյուղում, քիչ թե շատ հանգիստ են, նախկինի պես կրակոցներ չկան, գյուղը լքելու ադրբեջանցիրների կոչեր ևս, բայց վախենում է, որ թոռները բակ դուրս գան։

«Էս էլ երկու ամիս ա, որ Խոջալուից տեղափոխվել ենք տուն: Ոչինչ, չեն նեղացնում, բայց վախենում ենք: Ոչ մի բան չեմ անում ո՛չ վերևից, ոչ ներքևից, բայց երեխաները վախենում են», - ասաց Էմմա Բաղդասարյանը:

Չնայած մտավախություններին, գյուղ վերադարձած խրամորթցիների պես, ինքն էլ կիսատ թողած գյուղատնտեսական աշխատանքներ է շարունակել, տանն արդեն օգտագործում են իրենց աճեցրած բանջարեղենը. «Պոմիդոր վարալ, վարունգ վարալ, ամեն ինչ, մենք հիմա օգտվում ենք: Արտը հնձել ենք, բերել տուն, ամեն ինչը նորմալ ա, ապրում ենք էլի, մեր երկիրն ա, գյուղն ա»:

Խրամորթից կանայք ծերերն ու երեխաները 4 ամիս առաջ ստիպված էին հեռացել ու տեղավորվել հարևան համայնքներում՝ հարազատների, բարեկամների տանը, որոշ խրամորթցիներ էլ վարձով էին ապրում ու նրանց, մի մասը շարունակում է ապրել։ Տիկին Նաիրայի աղջկա տունը հիմա ռուս խաղաղպահների դիտակետ է դարձել։

Նաիրա Աբրահամյանը գյուղ առաջին վերադարձածներից է։ Ասում է՝ բնակիչների մոտ 80 տոկոսն արդեն Խրամորթում է։ Մինչ այդ հատուկենտ բնակիչներ կային, հիմնականում տղամարդիկ։

«Ամեն ինչ խախանդ ա, իր հունով գնում ա, գյուղացիներն արդեն վերադարձել են, բայց կան տեղահանվածներ, որ դեռ չեն վերադարձել», - ասաց նա

Աբրահամյանն ասում է՝ սեպտեմբերից նաև գյուղի դպրոցը կվերաբացվի։ Այն փակվել էր մարտի 24-ից։

  • Կիսվել: