ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խնկավանցի երիտասարդներն աշխատանքով են շենացնում հայրենիքը. համայնքի ղեկավար

Խնկավանցի երիտասարդներն աշխատանքով են շենացնում հայրենիքը. համայնքի ղեկավար

ԱՀ Մարտակերտի շրջանի Խնկավան համայնքը հիմնվել է 100-150 տարի առաջ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Խնկավանի համայնքապետ Լորիկ Աբրահամյանն ասաց, որ 1929 թվականին բնակավայրը հարեւան Վաղուհասի հետ միասին մի համայնք էր համարվում, բայց 2001 թվականին գյուղերն առանձնացան:

«2007 թվականից Խնկավան համայնքի ղեկավարն եմ, և կարող եմ ասել, որ իմ պաշտոնավարման տարիներին ԱՀ Կառավարության կողմից մեր գյուղը մեծ ուշադրության է արժանացել: Վերջին շրջանում զոհված ազատամարտիկների ընտանիքների տներում կապիտալ վերանորոգում է կատարվել, իսկ չորս ընտանիքների համար հիմքից նոր տներ են կառուցվել»,-նշել է Լ. Աբրահամյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գյուղում գործում է համայնքապետարան, բուժկետ ու ակումբ, որոնք վերանորոգման կարիք ունեն: Բնակիչներն ապահովված են էլեկտրաէներգիայով, համայնքը, սակայն, գազաֆիկացված չէ:

«1994 թվականին գյուղի խանութներից մեկը դարձրել ենք տարրական դպրոց. տարրական կրթություն ստանալուց հետո աշակերտներն ուսումը շարունակում են Վաղուհասի դպրոցում: Մանկապարտեզ չունենք, բայց նախադպրոցական տարիքի 18 երեխա ունենք գյուղում. լավ կլիներ, որ երեխաները հաճախեին մանկապարտեզ»,-ասել է նա: Համայնքապետի խոսքով՝ գյուղում շատ են երիտասարդները, ովքեր աչքի են ընկնում իրենց խելացիությամբ, եռանդով ու, ամենակարևորը, մտածում են հայրենիքի շենացման մասին: «Գյուղի բոլոր բնակիչներն ապահովված են աշխատանքով. մի մասն աշխատում է «Բեյզ Մեթըլս» ընկերությունում, զբաղվում են նաեւ գյուղատնտեսությամբ: Ոչ ոք առանց աշխատանքի իր օրը չի պատկերացնում»,-ընդգծել է համայնքի ղեկավարը:

 

  • Կիսվել: