ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խնայում էին մարդկանց, որոնք նստած էին նախագահական շենքում և այլ խնդիր ունեին. Քոչարյան

Խնայում էին մարդկանց, որոնք նստած էին նախագահական շենքում և այլ խնդիր ունեին. Քոչարյան

Պատերազմի օրերին Արցախի նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել. ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը: Ես այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ ոտքով էի քայլում։ Այս մասին այսօր երեք լրատվամիջոցների տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պատերազմի օրերին ես երկու շաբաթ եղել եմ Ստեփանակերտում։ Արանքում 4-5 օր ընդմիջում եղավ դատական նիստի համար, վերադարձա, հետո գնացի. դա էլ մի այլ աբսուրդ է։ Երկրորդ շաբաթը Ստեփանակերտը դաժան ձեւով ամբողջ օրը գնդակոծվում էր, շատ դաժան էր։

Դա եղավ, երբ Գյանջան հրթիռակոծվեց, չգիտեմ՝ որն էր ավելի շուտ, հուսով եմ, որ մենք արձագանքել ենք իրենց ռմբակոծմանը։ Մի հետաքրքիր բան. նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել, դա նույնիսկ մամուլում եղավ՛՛:

ՀՀ երկրորդ նախագահը պատմեց, որ 1992-94 թթ. Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ եղած ժամանակ իր նստավայրը եղել է Կառավարության շենքը, որը մոտ 12-13 անգամ գրադով հարված է ստացել:

Նա նշեց. ՛՛Շենքի վերջին հարկը գրեթե չկար, վերեւից կարծես կրծած լիներ։ Շենքի վրա մեկ ապակի չէր մնացել, ամբողջը ցելոֆանով էր փաթաթված, շենքի շուրջն էլ ոնց որ մարտական դաշտ լիներ։ Այն ժամանակ այդ բարձր ճշգրտության զենքերը չկային, բայց մենք թիրախ էինք։ Երկու տարի այդ պայմաններում նստել ենք, եւ ես երբեք գոնե մեկ անգամ բունկեր չեմ իջել։ Հիմա ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններն էին հավաքված, երկու ճշգրիտ հարվածով հողին են հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ զոհվել է, կրկնակի ավելի մարդ վիրավորվել է։

Ինչո՞ւ էր նրանց հետաքրքում Ջալալի գրասենյակը, երբ հրթիռով ուղղակի հարվածել են այդ գրասենյակին, ինչո՞ւ էր նրանց հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին, մեր հրամանատարական կետերն Աղդամում, Մարտունիում, Հադրութում, Ջալալի մեքենան՝ մոտ 60 կմ/ժ արագությամբ գնալուց կամ Լաչինի կամուրջը, որը երկու հրթիռով ուղղակի քանդեցին մոտ հարյուր քանի կիլոմետր տարածության վրա։ Այդ շենքի մի պատուհան չի ջարդվել, բոլոր ապակիները տեղում էին։ Ուրախ եմ, որ խնայել են շենքը, բայց հարցեր առաջանում են՛՛:։

Ըստ Քոչարյանի՝ պատերազմի այդ օրերին նախագահական շենքում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամոտ թիմակիցները: ՛՛Պատերազմի առաջին օրից այդ նախագահական շենքում իր ամենամոտիկ թիմակիցներն էին նստած, իրար հերթափոխում էին, միշտ մարդ եղել է հենց այդ շենքում։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին, վերջը ինքը հայտարարեց, որ Գյանջայի կրակելու հրամանն ինքն է տվել։

Իմ տպավորությունն այն է, որ խնայում էին այն մարդկանց, որոնք նստած էին այդ շենքում, եւ շատ հավանական է՝ խնայում էին, որովհետեւ այդ մարդիկ այլ խնդիր ունեին, որ մենք հանկարծ այս պատերազմը չհաղթենք, ամեն ինչ գնա այնպես, ինչպես պլանավորած է։ Նույնիսկ Ղարաբաղում եղած ժամանակ մարդկանց հետ խոսում, ասում էին՝ էս ի՞նչ էր, որտեղի՞ց այս սերը այն շենքերի նկատմամբ, որոնք անցած պատերազմում եղել են հիմնական թիրախներից մեկը՛՛,-նշեց նա։

 

  • Կիսվել: