հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խաչմաչում վերականգնման աշխատանքներ են ընթանում (լուսանկարներ)

Խաչմաչում վերականգնման աշխատանքներ են ընթանում (լուսանկարներ)

ԱՀ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղը հիմնադրվել է 17-րդ դարի կեսին: Անվանումը կապված է գյուղի տարածքում բազմաթիվ խաչքարերի առկայությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Մխիթար Ղահրիյանը ասել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հադրութի, Մարտունու ու Ասկերանի շրջաններից տեղահանված վեց ընտանիք է հաստատվել այնտեղ՝ 19 բնակչով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս պահի դրությամբ գյուղում ազատ տուն չկա: Ունենք 264 բնակիչ, ովքեր այսօր թշամու աչքի առաջ շարունակում են արարել սեփական հողում: Գյուղի դպրոցը կրում է Արցախյան ազատամարտի նվիրյալ Շահեն Սարգսյանի անունը. այստեղ հայրենասիրական բարձր ոգով դաստիարակվում է 41 աշակերտ: Մանկապարտեզ չունենք, բայց գյուղում կան մանկապարտեզի ենթակա երեխաներ»,-ներկայացրել է Մ. Ղահրիյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում երեք տուն է վնասվել, որոնք վերանորոգվել են: Շատ լուրջ վնասներ է կրել հանդիսությունների սրահը. այս պահի դրությամբ պետական աջակցությամբ այն ևս վերականգնվում է:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ կառավարության և «Խաչմաչ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2015 թվականին համայնքում կառուցվել է համայնքապետարանի` ժամանակակից պայմաններով շենք, որտեղ տեղակայված են նաև բուժկետը, մշակույթի տունը, գրադարանը։ Ներհամայնքային բոլոր ճանապարհները սալապատված են: Բնակչությունն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազով ու ջրով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Համայնքը լեռնային է, ունի 1169,49 հա տարածք, որից 519,54 հա-ը` գյուղատնտեսական նշանակության, իսկ 603,03 հա-ը անտառային հողեր են: Գյուղն ունի այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են բարեկեցիկ կյանքի համար: Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ ու հողագործությամբ: Այստեղ է գտնվում 1651 թվականին կառուցված և 2007 թվականին բարերար Սեյրան Կարապետյանի հովանավորությամբ վերանորոգված Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որտեղ պատարագ է մատուցվում, եկեղեցական արարողություններ կազմակերպվում»,-նշել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: