չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կայացել է ԱՀ Վիճակագրության պետական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Կայացել է ԱՀ Վիճակագրության պետական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Այսօր՝ հունվարի 19-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի՝ 2022 թվականի առաջին կիսամյակի նիստը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Պետական վիճակագրական աշատանքների ծրագրի հաստատումն ու Տարհանված տնային տնտեսությունների կենսապայմանների ընտրանքային հետազոտության հարցաթերթը հաստատելու մասին հարցը:
 
Նիստի սկզբում Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ օրակարգում ընդգրկված հարցերը նախօրոք ներկայացվել են շահագրգիռ ստորաբաժանումներին, իսկ ծրագիրը, որպես նորմատիվ իրավական ակտ, ներկայացվել է իրավական փորձաքննության համապատասխան հանրապետական պատկան մարմնին:
 
«Պետական վիճակագրական աշատանքների ծրագիրը սահմանում է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև մյուս պետական մարմինների՝ կառույցի կողմից ընդհանուր համակարգման միջոցով իրականացվող պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկված ցուցանիշների, դրանց հավաքագրման, մշակման, ամփոփման, հրապարակման աշխատանքների ցանկը, ինչպես նաև դրանց հաշվարկման կատարելագործմանն ուղղված աշխատանքները:
 
Այս առումով 2022թ ծրագրի 1-ին հավելվածով, ըստ ոլորտների ու պարբերականության, նախատեսվում է իրականացնել 335 վիճակագրական աշխատանք:
 
Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական աշխատանքների ցանկը, հավաքագրման աղբյուրները, ներկայացման և աշխատանքի կատարման ժամկետները և հրապարակումները՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը»,-ներկայացրել է Մ. Մինասյանը:
 
Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումներն իրականացնելիս հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը: «Ծրագիրը մշակվում է վիճակագրական տեղեկատվության, սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:
 
Այդ նպատակով 2022թ ՊՎԱ ծրագրի նախագիծը մի քանի ամիս առաջ տեղադրվել է մեր պաշտոնական կայքում, դրանով իսկ ապահովելով դրա հանրայնացումն ու վիճակագրական տեղեկություններով սպառողներին առաջարկություններով հանդես գալու հնարավորությունը»,-նշել է Մ. Մինասյանը:

  • Կիսվել: