շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Սեպտեմբերի 7-ին հրավիրվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության բաժնից։
 
Քննարկվել է 2 օրենքի նախագիծ, որոնք ներկայացրել են պաշտպանության նախարարության և ոստիկանության պատասխանատուները:
 
««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մարտական գործողությունների ժամանակ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շրջանակում ընդգրկել նաև զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող անձը, իսկ զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձը չի համարվում շահառու:
Возможно, это изображение 12 человек, люди сидят и люди стоят
Նախագծի ընդունման դեպքում շահառու կհամարվեն նաև զինծառայողի եղբայրը և քույրը, եթե տվյալ զինծառայողների մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել: Շահառուների բացակայություն առաջարկվում է համարել համապատասխան շահառուի ֆիզիկապես գոյություն չունենալը, ներառյալ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ ծնողական իրավունքներից զրկված լինելը կամ համապատասխան կարգավիճակ չունենալը:
 
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով նախատեսվում է ոստիկանությունում ծառայության անցնելու առավելագույն տարիք սահմանել 35 տարին՝ նախկին 30-ի փոխարեն:
 
Օրինագծի ընդունման արդյունքում կբարձրանա ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման և ոստիկանությունում ծառայության կազմակերպման արդյունավետությունը:
 
ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կներկայացվեն խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

  • Կիսվել: