չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Կայացել է ԱրՊՀ միջազգային դպրոց-ճամբարի պաշտոնական բացումը

Կայացել է ԱրՊՀ միջազգային դպրոց-ճամբարի պաշտոնական բացումը

Ասկերանի շրջանի Պատարա համայնքի մերձակա տարածքում նախօրեին տեղի է ունեցել ԱրՊՀ ամառային միջազգային դպրոց- ճամբարի պաշտոնական բացումը:

ԱրՊՀ Լրատվության և հանրային կապերի բաժնի տեղեկատվությամբ՝ բացման արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, հյուրեր, ճամբարականներ։

Արցախի մայր բուհի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային ուսանողական դպրոց-ճամբարին, որը կտևի մինչև օգոստոսի 10-ը, մասնակցում է 100 ուսանող՝ Արցախի, ՀՀ և արտերկրի բուհերից։ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ճամբարի նպատակն է ամրապնդել միջբուհական համագործակցությունը, ուսանողների ամառային հանգիստը կազմակերպել արդյունավետ, ուսուցողական ծրագրերով, և տարեցտարի ճամբարին մասնակցել ցանկացողների թվի աճը վկայում է, որ նպատակն արդարացված է:

Возможно, это изображение 2 человека и люди стоят

«Այն համերաշխությունն ու փոխգործակցային հարաբերությունները ճամբարին մասնակից տարբեր բուհերի ուսանողների միջև, որ ստեղծվում ու շարունակվում է յուրաքանչյուր տարի ճամբարի մասնակիցների միջև, ողջունելի և ընդօրինակման արժանի է: Եվ ձեզնից յուրաքանչյուրը ցանկացած գործ ձեռնարկելիս, ցանկացած քայլ կատարելիս թող հիշի, որ այսօր մենք ինչ անում ենք, ինչպիսի ծրագիր իրականացնում ենք, մեր լույս տղաների շնորհիվ է, հավերժ փառք և խոնարհում նրանց հիշատակին: ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակին ճամբարի տարածքում կառուցվել է հուշաղբյուր, որը ևս մեր բոլորիս հարգանքի և խոնարհումի հավաստիքն է»,-նշել է ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով նաև ճամբարի աշխատանքներում ընդգրկված աշխատակիցներին ու ուսանողներին, գործընկեր բուհերին ու ճամբարականներին:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ևս ողջունել և արդյունավետ ու բովանդակալից օրեր է մաղթել ճամբարականներին՝ կարևորելով ճամբարի միջոցով հայրենաճանաչողություն, ազգային-պետական շահերին համահունչ սերնդակրթություն ապահովելու, բարոյական ու ազգային նորմերը պահպանելու անհրաժեշտությունը և ի դեմս երիտասարդության՝ կարողանալ բարձր պահել Արցախի անունը և տերը լինել Արցախի:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Արման Այվազյանն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, այսօր Արցախում է ՝ ճամբարին մասնակցելու նպատակով:

«Իմ ու Արցախի նախորդ հանդիպումը պատերազմի դժվար օրերին էր, բայց չեմ ուզում ջնջել իմ այդ հիշողությունները, որովհետև ինձ համար Արցախը հայրենիքիս մի մասնիկն է: Կարևորելով նմանատիպ միջոցառումները և ուսանողների ներգրավումը՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ճամբարի կազմակերպիչներին: Ճամբարի շնորհիվ կունենամ վառ հիշողություններ, որ Արցախ ասելիս հպարտության ու նվիրումի զգացողությունից բացի, զգամ նաև ուրախություն»,-նշել է Արման Այվազյանը:

ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնի աշխատակից Լիլիթ Մարգարյանի խոսքով՝ համալսարանականներն ամեն ինչ արել են, որպեսզի ճամբարի աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպեն․

«10-օրյա ճամբարի ընթացում մեր ամեն մի օրը հագեցած է լինելու տարաբնույթ միջոցառումներով՝ ժամանցային, սպորտային խաղեր, դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, արշավներ, այցելություն զորամաս. ըստ այդմ էլ առանձնացրել ենք օրեր՝ առաջին օրը ներդաշնակման, ծանոթության օրն է, 2-րդ օրը ճամբարի բացման հանդիսավոր արարողությունն է լինելու, հաջորդիվ՝ ուսումնակրթական, ռազմահայրենասիրական, մարզատեխնիկական, հայրենաճանաչողական, վերջին օրը ազգային-մշակութային օր՝ ճամբարի փակման արարողություն, ազգային խաղեր, երգեր, պարեր, ազգային կերակրատեսակների պատրաստում»:

«Ճամբարը դրական արձագանք է գտել ոչ միայն ԱՀ, այլ նաև ՀՀ բուհերի ուսանողների շրջանում, ինչի վկայությունն է տարբեր բուհերի ուսանողների մասնակցությունը ճամբարին, և արդեն 4-րդ տարին է՝ ինչ կազմակերպվում է ճամբարը, ամեն տարի դիմորդներն ավելի մեծ թիվ են կազմում, և սա ոգևորիչ ու պարտավորեցնող փաստ է մեր կազմակերպչական թիմի համար»,-նշել է ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնի պետ Վահե Գալոյանը։

Возможно, это изображение 4 человека, люди стоят, дерево и на открытом воздухе

Բացման արարողությանը ճամբարականները հանդես են եկել ասմունքով, երաժշտական կատարումներով, ցուցադրվել է ճամբարային առօրյայի մասին պատմող տեսանյութ։

  • Կիսվել: