կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կայացել է ԱՀ ՀԾ և Տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստ

Կայացել է ԱՀ ՀԾ և Տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված էին «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին, «Բենզին» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքների, «Ֆլեշ-Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գերիշխող դիրք ունեցող համարելու և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28-ի ««Բենզին» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների և մի շարք տնտեսավարող սուբյեկտների գերիշխող դիրք ունեցող համարելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին, «Դիզելային վառելիք» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքների, «Ֆլեշ-Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գերիշխող դիրք ունեցող համարելու և Լեռնային Ղարաբաղի հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28-ի ««Դիզելային վառելիք» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների և մի շարք տնտեսավարող սուբյեկտների գերիշխող դիրք ունեցող համարելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին, Ապրանքային շուկաներում տեղի ունեցած գնային փոփոխությունների և այդ ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին հարցեր:

Օրակարգի առաջին հարցով Հանձնաժողովը բավարարել է «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար գործունեության լիցենզիա՝ մինչև 2036 թվականի օգոստոսի 17-ը։ Սահմանվել է նաև ծառայությունների մատուցման լիցենզիայի պայմանները։ Հանձնաժողովը հաջորդիվ հաստատել է «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների ուսումնասիրության արդյունքները, որոնցով «Ֆլեշ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում համարել է գերիշխող դիրք ունեցող։ Որպես իրացնող՝ իրացման ծավալներով ընկերությունը գրավում է «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում մեկ չորրորդից ավելին՝ «Բենզին» ապրանքային շուկայում 34 տոկոս, «Դիզելային վառելիք» ապրանքային շուկայում՝ 35,9 տոկոս:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՀ-ում իրացվում է հիմնականում 2 տարբեր երկրների ծագման վառելիք (ռուսական և իրանական)։ Մի շարք տնտեսավարողների կողմից ներմուծվող իրանական վառելիքի ձեռքբերման գինը ավելի ցածր է, քան ռուսական վառելիքինը, սակայն որոշ դեպքերում այն իրացվում է ռուսական վառելիքին համարժեք բարձր գնով, որը կարող է տպավորություն ստեղծել, որ այն ևս ռուսական վառելիք է։ Նշվածը և բենզալցակայաններում վառելիքի արտադրողի (ծագման երկրի) վերաբերյալ նշումների բացակայությունը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել սպառողին։ Հանձնաժողովը իրականացրել է նաև լայն սպառման ապրանքատեսակների գների դիտարկում և դրանց փոփոխության վերլուծություն, հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում մի շարք ապրանքատեսակների գնաճը։ Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների մասով գնաճ արձանագրվել է ձեթ, հավի ձու, բենզին, դիզվառելիք և սեղմված գազ ապրանքատեսակների համար, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը և տնտեսական պայմանների փոփոխության հետ համաչափությունը պարզելու նպատակով իրականացվել են համապատասխան վերլուծություններ: Հանձնաժողովի կողմից իրականացված համապատասխան վերլուծությունների և նշված ոլորտներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների տնտեսական պայմանների փոփոխություններով պայմանավորված գնային քաղաքականություն վարելու վերաբերյալ զգուշացումների արդյունքում, հունիս ամսում տեղի են ունեցել սեղմված գազի, դիզելային վառելիքի և հավի ձվի գների նվազում։

  • Կիսվել: