չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կարմիր շուկայում 15 տեղահանված ընտանիք է հաստատվել. առօրյան ու կատարվող աշխատանքները ներկայացնում է համայնքապետը (լուսանկարներ)

Կարմիր շուկայում 15 տեղահանված ընտանիք է հաստատվել. առօրյան ու կատարվող աշխատանքները ներկայացնում է համայնքապետը (լուսանկարներ)

Այս  մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարմիր շուկայի համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեր համայնքում հաստատվել է տեղահանված 15 ընտանիք՝ 37 բնակչով: Այդ ընտանիքները համայնքապետարանի միջնորդությամբ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից ստացել են աջակցություն`գույքի տեսքով, իսկ Կարմիր խաչի Լեռնային Ղարաբաղի գրասենյակի կողմից՝ սնունդ, հիգիենայի պարագաններ:
Պատերազմի ժամանակ մեր գյուղը բազմաթիվ վնասներ է կրել. 5 տուն լրիվությամբ այրվել է, 8-ը՝ ավերվել, 300-ից ավելի շենք-շինություն, բնակելի տներ մասնակի վնասներ են կրել: Մինչև տարեվերջ 100 տան տանիք արդեն վերանորոգված կլինի, որից հետո այդ տներում կկատարվեն ներքին հարդարման աշխատանքներ:Մեկ զոհված ազատամարտիկի տուն լրիվությամբ վերանորոգվել է: Այս պահի դրությամբ 130 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: ԱՀ Քաղաքաշինության նախարարության կողմից գյուղում 5 փայտե առանձնատուն է կառուցվում. աշխատանքները գրեթե ավարտվել են, մինչև տարեվերջ դրանք ևս լրիվությամբ պատրաստ կլինեն: Կարմիր շուկայում գործում է համայնքապետարան, բուժկետ, ակումբ, մշակույթի տուն: Մինչ պատերազմը գյուղի մեկ փողոց(150 մետր ) սալապատվել է»,- ներկայացրել է Ն. Աթայանը` նշելով, որ գյուղի կենտրոնական ճանապարհը բարեկարգման կարիք ունի. խնդիրը ներկայացվել է ԱՀ Կառավարությանը, առաջիկայում այդ հարցը ևս լուծում կստանա։
Բնութագրությունը հասանալի չէ
 
Համայնքապետը տեղեկացրեց, որ պատերազմից հետո հարևան Թաղավարդ համայնքի հետ կապող ճանապարհը ասֆալտապատվել է: Դպրոցն ունի 210 աշակերտ:
Բնութագրությունը հասանալի չէ
Շենքը պատերազմի ընթացքում վնասներ էր կրել, սակայն արդեն վերականգնվել է։ Ընթացիկ տարվա հուլիսին Tech Week Artsakh 2021-ի շրջանակում դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել: Մանկապարտեզն ունի 75 սան: 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսվել են մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները:
Բնութագրությունը հասանալի չէ
 
Շենքի առաջին հարկի հարդարման աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա փետրվարին: Վերանորոգումն ամբողջությամբ ավարտված համարելու համար, սակայն, դեռ կան անելիքներ։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ամռան շրջանում ջրի խնդիր կար, սակայն նոր ջրագիծ է կառուցվել, և գյուղն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի պաշտպանության գյուղը 12 զոհ է տվել, 30 հոգի պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է , իսկ 1 համագյուղացու ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ:
Բնութագրությունը հասանալի չէ
Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ Ն. Աթայանն ասել է, որ նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ:
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Գյուղի 200 հա. գյուղատնտեսական նշանակության հողատարածք մշակվել է բնակիչների կողմից: ԱՀ Կառավարության կողմից շուրջ 15 ընտանիքների տրամադրվել են ջերմոցներ, նրանք սկսել են զբաղվել ջերմոցային տնտեսությամբ:
Բնութագրությունը հասանալի չէԳյուղացիները կապված են իրենց հայրենի հողին, շարունակում են արարել ու իրենց ամենօրյա աշխատանքով զարգացնում գյուղը, չեն երկնչում, իրենց իսկ հայրենասիրության շնորհիվ կարողանում են անտեսել բոլոր խնդիրներն ու կառչած մնալ հայրենիքին»,- ընդգծել է համայնքապետը՝ հավաստիացնելով, որ արվում է ամեն ինչ` հանուն գյուղի ու բնակիչների բարօրության:

  • Կիսվել: