Կարմիր շուկայի բնակիչը հավանական ինքնահրկիզումից առաջ գտնվում էր հոգեճնշող վիճակում. ԱՀ դատախազություն
Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Վրեժ Պողոսյանը, ում դին հրկիզված վիճակում հայտնաբերվել էր մարտի 21-ին (նրա անհետանալուց մեկ օր հետո), ըստ նախնական տվյալների` հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում գտնվում էր հոգեճնշող վիճակում:
Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը փոխանցեցին ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից՝ ընդգծելով, որ, ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ վերջինս ուշ-ուշ էր դուրս գալիս տնից, ծանր էր տանում 2020թ. սեպտեմբեր ամսից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում եղբոր որդու զոհվելու փաստը և հատկապես դյուրագրգիռ էր դարձել զոհված հարազատի վերաբերյալ հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը դիտելուց հետո:
«Հաշվի առնելով սույն դեպքի կապակցությամբ զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվող տարբեր մեկնաբանությունները, հավաստիացնում ենք, որ նախաքննության ընթացքում առաջ են քաշվելու և քննության են առնվելու դեպքի հնարավոր բոլոր վարկածները, որոնց արդյունքների մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Սակայն նախքան քրեական գործի մինչդատական վարույթի ավարտը խնդրում և հորդորում ենք` չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ անձնական այնպիսի մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքներով ու կարող են հանրության մոտ չհիմնավորված խուճապի և մտահոգության պատճառ հանդիսանալ»,- ասված է Գործակալությանը տված պաշտոնական մեկնաբանության մեջ։