Կարմիր շուկայի բազմաբնակարան շենքերը շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ
Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանն ասել է, որ գործընթացը սկսվել է 2019 թվականին:

«Երեք և չորս սենյականոց 32 բնակարանանոց շենքը նախատեսված է զոհվածների ընտանիքների, բազմազավակների, ինչպես նաև տեղահանված թաղավարդցիների համար: Նշեմ, որ պատերազմի պատճառով շինարարությունը ձգձգվել է, բայց նախատեսում ենք մինչև տարեվերջ երկու շենքերն էլ շահագործման հանձնել»,- տեղեկացրել է Ն. Աթայանը և նշել, որ համայնքում կառուցվում են նաև առանձին տներ:

Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանի խոսքով՝ Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով գյուղն ունի 140 տարհանված բնակիչ: Օ. Հարությունյանն ասել է, որ ԱՀ նախագահը խոստացել է՝ բոլոր բնակիչները կապահովվեն բնակարններով: Անդրադառնալով Կարմիր շուկա համայնքի տարածքում կառուցվող (հավաքովի) առանձնատներին՝ գյուղապետը նշել է. «Շատ հարմար բնակարաններ են: Նախատեսում ենք կառուցել նաև նկուղային հարկեր, քանի որ գտնվում ենք պատերազմական գոտում:Անհրաժեշտության դեպքում ՝ կլինեն նաև կցակառույց շինություններ: Տեղահանված թաղավարդցիների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում. նրանք հետաքրքված են, բոլորն էլ ուզում են օր առաջ վերադառնալ գյուղ: Հույս ունենանք, որ մի օր բոլորս ենք վերադառնալու հայրենի Թաղավարդ»:

